Բրիտնական ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունն աջակցություն է հայտնել երկրի՝ Եվրամիության կազմում մնալու, կամ չմնալու մասին հանրաքվեի անցկացման նախաձեռնությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությանը, այս մասին գրել է տեղական The Sunday Times թերթը:

 

«Բրիտանացի ժողովուրդը ցանկանում է արտահայտվել երկրի՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ: Հետևաբար՝ լեյբորիստներն այսուհետ կաջակցեն հանրաքվեի անցկացման նախաձեռնությանը»,- հայտարարել է կուսակցության ղեկավարությունը:

 

Մինչ այս պահը կուսակցությունը դեմ էր հանդես գալիս նման հանրաքվեի անցկացմանը՝ կարծելով, որ դա կբերի ոչ բարենպաստ տնտեսական հետևանքների: Սակայն այժմ լեյբորիստները նպատակ ունեն կոչ անել իրենց ընտրողներին՝ քվեարկել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմում մնալու օգտին:

 

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստվում է նման հանրաքվե անցկացնել 2017 թվին: