Պայմանական վաղաժամկետ ազատազրկման համակարգը բարեփոխման և արդիականացման կարիք ունի: «Պայմանական վաղաժամկետ ազատազրկման համակարգի բարեփոխումը բխում է առաջին հերթին դատապարտյալների շահերից, քանի որ սա լուրջ խթան է լավ վարքագիծ դրսևորելու դեպքում վաղաժամկետ ազատվելու համար: Մենք մի շարք հասարակական կազմակերպությունների հետ քննարկել ենք ոլորտի խնդիրները, ինչի ընթացքում ձևավորվել են որոշակի օրենսդրական առաջարկներ, որոնք Ազգային ժողովում արդեն շրջանառության մեջ են գտնվում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ մայիսի 25-ին կայացած հանդիպմանը հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և հավելեց, որ ցմահ դատապարտյալների վաղաժամկետ ազատման հարցը պետք է դիտարկել առաջիկա փոփոխությունների համատեքստում:
Նա նշեց, որ ՀՀ արդարադատության նախարարությունն ուսումնասիրում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի զեկույցները Հայաստանում մարդու իրավունքների և մասնավորապես դապարտյալների իրավունքների խախտումների վերաբերյալ: «Մենք հրատապ կերպով ուսումնասիրում ենք այդ զեկույցները, քանի որ մեզ համար խիստ կարևոր են դատապարտյալների իրավունքների պահպանումը, և նոր քրեակատարողական նախագծի ընդունումը նաև ուղղված է լինելու այդ խնդիրները լուծելուն»,- նկատեց նախարարը:
Այն հարցին, թե համաներումը կարո՞ղ է հանդիսանալ իբրև գործիք քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու համար, նա ասաց հետևյալը. «Մինչև այս տարվա ավարտը նորակառույց Արմավիր քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվելու 1200 դատապարտյալ, ինչը կթեթևացնի մնացած ՔԿՀ-երը: Բացի այդ' ես դեմ եմ համաներումը իբրև գործիք կիրառել քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու համար, ինչը կարող է հետագայում լուրջ խնդիրների հանգեցնել. այդ իմաստով ավելի արդյունավետ է բարեփոխել պայմանական վաղաժամկետ ազատազրկման համակարգը»,- ընդգծեց նախարարը:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում 2015 թվականի մայիսի 1-ի դրությամբ պահվում է 3934 անձ, որից կալանավորված անձ' 1220, իսկ դատապարտյալ' 2814: ՀՀ արդարադատության նախարարության հիմնարկներից 2015 թվականի մայիսի 1-ի դրությամբ ազատվել է 1503 անձ: