«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, նախկին անկախ պատգամավոր Լյովա Խաչատրյանը փետրվարի 18-ին՝ քվեարկության օրը պաշտպանելու է «Ժողովրդի թեկնածությունը՝ առաջադրված թեկնածուներից»: Այս մասին Tert.am-ին հայտնեց Լյովա Խաչատրյանը, ումից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս, տեխնիկական ի՞նչ եղանակներով է դա անելու, ինչին ի պատասխան՝ ԲՀԿ-ական պատգամավորն ասաց. «Տեխնիկական հարցերը թողնենք ինձ»:

Իսկ ավելի լուրջ Լյովա Խաչատրյանին հարցրեցինք, թե ինչպե՞ս հասկանալ, որ մի կողմից ԲՀԿ-ն իր դեկտեմբերի 12-ին ընդունում է նախագահի որևէ թեկնածուի չպաշտպանելու մասին որոշում, բայց պարզվում է, որ բազմաթիվ ԲՀԿ-ականներ, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմիններում, սատարելու են ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Այսինքն՝ իրականում ԲՀԿ որոշումը ֆորմա՞լ էր:

«Ես չգիտեմ՝ «շատերն» ի՞նչ է նշանակում, կարծես թե երկու հոգի են նման բան հայտարարել: Դե հնարավոր է մի քանի հարյուր հազար կուսակիցների մեջ երկու հոգի նման կարծիք ունենան, նման մոտեցում ունենան»:

Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Բալասանյանը, ինչպես նաև Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը հայտարարեցին, որ կպաշտպանեն Սերժ Սարգսյանին։

Նաև մամուլում պարբերաբար գրվում է, թե այս կամ այն ԲՀԿ-ականը, այդ թվում նաև՝ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը, հրահանգավորում են ընտրել Սերժ Սարգսյանին:
Երեկ ԲՀԿ առաջնորդի Ազգային ժողով գալը անսովոր իրարանցում առաջացրեց և արժանացավ ԲՀԿ-ականների կշտամբանքին՝ այն կապակցությամբ, թե ինչո՞ւ են լրագրողները աժիոտաժ սարքում նրանից, որ պատգամավորը եկել է նիստի:

Դիտարկմանը, թե Գագիկ Ծառուկյանը ԱԺ գալու դեպքում, որպես կանոն, ինչ-որ հայտարարություններ է անում, «մեսիջներ» հղում, որոնք «պինգպոնգի էֆեկտով» վերադարձվում են, Լյովա Խաչատրյանը հակադարձեց, որ համամիտ չէ և ասաց. «Զարմանալի հարց է՝ «պատգամավորն ինչու՞ է եկել», եկել էր աշխատանքներին մասնակցելու»։
Ինչ վերաբերում է «մեսիջներին», ապա Լյովա Խաչատրյանն ասում է, որ դա ընդամենը լրագրողների երևակայության արդյունքն է:

Նույն գնահատականը տրվեց դիտարկմանը (ասաց՝«Նույնպես լրատվականի երևակայությունն է), թե ըստ որոշ վերլուծաբանների՝ Գագիկ Ծառուկյանը եկել էր վերջին շրջանում պասիվ, անգամ կրավորական կեցվածքում հայտնված իր քաղաքական թիմին «թև տալու»: Ավելի կոնկրետ՝ բարձրացնելու իր հայտնի որոշումից հետո ընկած վարկանիշը:

«Չեմ կարծում, որ ԲՀԿ վարկանիշն ընկել է, և նման քայլերով էլ այն բարձրացնել է հնարավոր: Զուտ առօրեական… եկել էր աշխատանքի»:

Ինչ վերաբերում է Պարույր Հայրիկյանի հայտնի որոշմանը, ապա ո՛չ նախագահի թեկնածուի՝ Սահմանադրական դատարան չդիմելու որոշումը, ո՛չ էլ նրա հետ կապված միջադեպը ոչ իր՝ Լյովա Խաչատրյանի, ոչ էլ ժողովրդի համար էական չէ: «Ոչ մեկի մտքով չի անցնում, որ դա կարող է ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, էդ իմաստով։ Թե չէ, որ նախագահի թեկնածուի վրա կրակում են, պարզ է, որ շատ վատ բան է»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Գործող նախագահ Սերժ Սարգսյանին սատարել-չսատարելու հարցադրման համատեքստում, թերևս, արժե հիշեցնել ԱԺ աշնանային նստաշրջանի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավորի մի հայտարարություն, որը հետագայում բուռն քննարկումների առիթ դարձավ։ Հայտարարությունների ժամին, մասնավորապես, Լյովա Խաչատրյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի թիկունքում, ո՛չ օլիգարխ է տեսել, ո՛չ հանցագործ, ինչը չէր ասի գործող նախագահ Սերժ Սարգսյանի մասին:

«Երկրորդ նախագահի նախագահության ընթացքում, մենք երբեք նրա թիկունքում՝ կարդաբալետի կազմում, ո՛չ օլիգարխ տեսանք, ո՛չ հանցագործ: Այսօր ես դա տեսնում եմ ոչ թե նախագահի կարդաբալետի կազմում, այլ նաև ընտրական տեղամասերի ընտրական պրոցեսների ղեկավար հանձնաժողովների և շտաբների ղեկավար կազմում»,- ասել էր նա և վերջում հայտարարել. «Կապրենք՝ կտեսնենք»: