ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Կոտայքի մարզի 27-ամյա բնակիչ Մխիթարյանին Երևանում սպանելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները: Առերևույթ հանցագործություն կատարած անձին առաջադրվել է մեղադրանք։

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2015 թվականի մայիսի 21-ին Մխիթարյանից գրավոր հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 18:30-ին, իր կնոջ բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ոմն Դավթյան, գրպանից հանելով ծալովի դանակը, հարվածել է գոտկատեղին և ծնոտին' պատճառելով մարմնական վնասվածք:

 

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ տուժած քաղաքացին իր կնոջ բնակարանում 2015 թվականի մայիսի 21-ին հյուրընկալել է ընկերներին, որոնց թվում է եղել նաև 32-ամյա Դավթյանը:

 

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ժամը 19:00-ի սահմաններում առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել Մխիթարյանին' պատճառելով կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արնահոսող, չթափանցող և կզակի կտրած-ծակած մարմնական վնասվածքներ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցանքն ավարտին չի հասցրել, քանի որ մյուս ընկերը միջամտել է վիճաբանությանը և ձեռքից վերցրել դանակը:

 

Մխիթարյանը դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն և ստացել համապատասխան բժշկական օգնություն:

 

32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար, ով ընդունել է առաջադրված մեղադրանքը և շարժառիթների վերաբերյալ տվել ցուցմունք։

 

Նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է: