Լոնդոնը պահպանել է զբոսաշրջիկների շրջանում առավել եծ ժողովրդականություն վայելող քաղաքի կոչումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Master Card միջազգային ընկերության զեկույցում, որը կազմել է առավել մեծ ժողովրդականություն վայելող տուրիստական ուղղությունների ամենամյա Global Destinations Cities-ը վարկանիշը:

 

 

«Լոնդոնը կրկին ընտրվել է առավել մեծ ժողովրդականություն վայելող տուրիստական ուղղություն: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը երկրորդ տարին է գլխավորում վարկանիշը, որում տեղ են գտել ամբողջ աշխարհի առավել մեծ թվով այցելուներ ունեցող 132 քաղաքներ: Ըստ կանխատեսումների՝ 2015 թվականին Լոնդոնը կընդունի 18,8 մլն զբոսաշրջիկների և այդ ցուցանիշով առաջ կանցնի Բանգկոկից: Այս երկու քաղաքներն առաջատարի դիրքի համար մրցակցում են հինգ տարի»,-ասված է հետազոտության մեջ:

 

 

Հետազոտության հեղինակները նշում են, որ Լոնդոնն այս տարի առաջինը կդառնա նաև զբոսաշրջիկների ծախսած միջոցների ծավալով՝ 20,2 մլրդ դոլար:

 

 

Ինչպես սպասվում է, այս տարի Բանգկոկ կայցելի 18,4 մլն մարդ: Վարկանիշի երրորդ տեղում Փարիզն է՝ ակնկալվող 16 մլն զբոսաշրջիկներով, չորրորդում Դուբայը՝ 14 միլիոն տուրիստներով: Ստամբուլն իր ժողովրդականությամբ դարձել է հինգերորդը. այս քաղաք կայցելի մինչև 12,3 մլն զբոսաշրջիկ:

 

 

Ցուցակում Նյու Յորքը վեցերորդ դիրքում է, սակայն զբոսաշրջիկների ակնկալվող ծախսերի ծավալով Լոնդոնից հետո երկրորդն է՝ 17,4 մլրդ դոլարով: Այս տարի Փարիզում զբոսաշրջիկները, ինչպես ակնկալվում է, կծախսեն 16,6 մլրդ դոլար, Սեուլում՝ 15,24 մլրդ դոլար: Այցելուների ծախսերի ցուցանիշով առաջատարների հնգյակը եզրափակում է Սինգապուրը՝ 14,7 միլիարդ դոլարով:

 

 

Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ուրախ է այս ցուցանիշի համար: «Ես վստահ եմ, որ մշակույթի, պատմության, խոհարարական նորույթների և կրեատիվության բացառիկ խառնուրդը մեր մայրաքաղաքում կշարունակի ուրախացնել և զարմացնել ամբողջ աշխարհի զբոսաշրջիկներին»,-ասված է քաղաքապետի գրավոր հայտարարության մեջ, որը տարածվել է զեկույցի տվյալների հրապարակումից հետո:

 

 

Առաջատարների քսանյակ են մտել զբոսաշրջիկների շրջանում մեծ ժողովրդականություն վայելող եվրոպական այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Բարսելոնը (12-րդ տեղ), Ամստերդամը (13-րդ տեղ), Հռոմը (14-րդ տեղ), Միլանը (15-րդ տեղ), Վիեննան (18-րդ տեղ) և Պրահան (19-րդ տեղ):

 

 

Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրության բյուրոյի տվյալների համաձայն՝ 2014 թվականին Լոնդոն է այցելել 17,4 մլն զբոսաշրջիկ, ինչն ամենաբարձր ցուցանիշն է: Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները և վիճակագրական տվյալները, զբոսաշրջիկները Լոնդոն են մեկնում, հիմնականում, պատմական տեսարժան վայրերը դիտելու և մշակութային միջոցառումների համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: