
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Իտալիա կատարած այցի նախօրեին իտալական Correra della Serra թերթի հետ զրույցում «անառողջ» է անվանել այն մտավախությունը, թե իբր Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա: Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ որոշ երկրներ պարզապես շահարկում են այս մտավախությունների հիման վրա:
«Ինչ վերաբերում է որոշ երկրների այն մտավախությանը, թե Ռուսաստանը կարող է ագրեսիվ քայլերի դիմել, ապա կարծում եմ, որ միայն անառողջ մարդը, այն էլ՝ երազում, կարող է պատկերացնել Ռուսաստանի հարձակումը ՆԱՏՕ-ի վրա»,- ընդգծել է ՌԴ նախագահը:
«Ես ուզում եմ ձեզ ասել, որ պետք չէ վախենալ Ռուսաստանից: Աշխարհն այնքանով է փոխվել, որ առողջ միտք ունեցող մարդիկ այսօր չեն կարող պատկերացնել այսպիսի լայնամասշտաբ ռազմական հակամարտություն: Մենք ունենք շատ անելիքներ, հավատացնում եմ ձեզ»,- վստահեցրել է նախագահը:
Խոսելով Ուկրաինայի ճգնաժամի մասին՝ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ այն տեխնածին է եղել, սակայն հիմա իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից: «Ես կարծում եմ, որ այդ ճգնաժամի պատճառը հիմնովին տեխնածին է, և դա մեր գործընկերոջ կողմից ոչ պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքն է: Այդ գործընթացի աջակցումը բոլորովին անընդունելի է»:
Ռուսաստանի նախագահի կարծիքով՝ Ուկրաինայի հարավ-արևելքին հնարավոր է համոզել մնալ Ուկրաինայի կազմում, բայց ոչ զենքի ուժով:
Հարցազրույցի վերջում Պուտինը խոստովանել է, որ չի զղջում ոչ մի արարքի համար և կարող է իրեն երջանիկ անվանել: