Թուրքիայի խորհրդարանական 25-րդ ընտրությունների արդյունքներով առաջին անգամ երկրի մեջլիսում հայտնված երեք հայ պատգամավորները որևէ կերպ չեն կարող ազդել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա:

 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հունիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք արտահայտեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

 

 

«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդն ապրիլի 24-ի նախօրյակին, իմանալով, որ առջևում ընտրություններ են, և դա իրեն միավորներ չի բերի, հայտարարեց, որ իր իշխանության գալու դեպքում Թուրքիան անպայման կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Իսկ մյուս երկու կուսակցությունները Ժողովրդական և Հանրապետական կուսակցությունները բացասաբար են տրամադրված Հայոց ցեղասպանության հարցի ճանաչման հանդեպ, հետևաբար այս երկու կուսակցություններին անդամակցող հայազգի պատգամավորները ոչնչի վրա չեն կարողանա ազդել: Ես ուրախ կլինեմ, եթե իրենք գոնե կարողանան պաշտպանել թուրքահայության իրավունքները»,- նշեց Հակոբ Չաքրյանը:

 

 

Թուրքագետի կարծիքով՝ հայազգի քաղաքական գործիչների ընդգրկումն ընտրացուցակներում ունի ցուցադրական բնույթ, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ երկրում բոլոր ազգերին հավասար վերաբերմունք է ցուցաբերվում:

 

 

Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ մեջլիսում հայտնված հայ կին պատգամավորն ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունից իրավաբան Սելինա Դողանն է: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Թուրքիայի Ազգային մեծ ժողով է մտել լրագրող Մարգար Եսայանը, քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից՝ Գարո Պայլանը: