ԱԺ-ում հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել իր և Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ հայրենիքը պաշտպանելիս վնասվածք ստացած քաղաքացու առողջությունը լիարժեք վերականգնելու խնդիրն ամբողջապես պետք է հոգա պետությունը: Օրենքի ընդունման դեպքում իրավական հիմք և ընթացակարգ կսահմանվի զինծառայողների կողմից զինվորական ծառայության ընթացքում ստացված վնասվածքների բուժումը նաև արտասահմանում իրականացնելու նպատակով:

 

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հիշեցրեց սոցցանցերում և մամուլով տարածված տեղեկությունը երիտասարդ զինվորականի՝ արտերկրում բուժման հնարավորության մասին:

 

Վերջինս նշեց, որ այդ քարոզչությունը վեր էր ածվել բանակի և ՊՆ դեմ քարոզչության:

 

«Ովքեր մտահոգ են նման հարցերով, չպետք է թիրախ դարձնեն բանակը, պաշտպանության համակարգը: Նայում ես մամուլի միջոցներին, թե ինչպես են հարձակվել Պաշտպանության նախարարության և նախարարի վրա, սա դատապարտելի երևույթ պետք է լինի: Չի կարելի թիրախ դարձնել մեր նախարարին, որովհետև այս դեպքում նախարարը հանդես չի գալիս որպես ֆիզիկական անձ, քաղաքական անձ, որի նկատմամբ կարող ես հարձակումներ գործել: Նա պաշտպանության համակարգի պատասխանատուն է, մեր ամբողջ բանակի, ըստ էության, հրամանատրական ղեկավարն է»,- ասաց Մինասյանը: