«Մրցավարական գործոնը միշտ եղել է և էլի լինելու է: Կարծում եմ, որ հայերին ավելի շատ կփորձեն զրկել մեդալ նվաճելու հնարավորությունից: Բայց մենք մարզիկներ ունենք, որ կարող են այդ ամենը հաղթահարել»,- ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հայրը և անձնական մարզիչը՝ Գևորգ Ալեքսանյանը՝ խոսելով Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերի մասին:
- Ձեր որդին՝ Արթուր Ալեքսանյանը, չմեկնեց Բաքու՝ առաջին Եվրոպական խաղերին մասնակցելու: Ինչո՞ւ:
- Արթուր Ալեքսանյանը սեպտեմբերի սկզբին մասնակցելու է Աշխարհի առաջնությանը, իսկ սպորտի բնագավառում այսպես է՝ չի կարելի երկու ամսվա ընթացքում հասնել մարզական պիկի: Այս տարի Աշխարհի առաջնությունը տալիս է նաև օլիմպիական վարկանիշ: Հիմա ավելի կարևոր է աշխարհի չեմպիոն դառնալ և օլիմպիական վարկանիշ ունենալ, քան Եվրոպական խաղերը, որովհետև Եվրոպական խաղերը վարկանիշ չեն տալիս: Ըմբշամարտի մասով կարող եմ միայն ասել, որ առաջնակարգ երկրները, որոնք ուզում են Աշխարհի չեմպիոն ունենալ և վարկանիշ ձեռք բերել, առաջին համարներով, այսինքն՝ ուժեղ թիմով են մասնակցում Աշխարհի առաջնությանը, երկրորդ համարներով՝ Եվրոպական խաղերին:
- Պարոն Ալեքսանյան, ստացվում է, որ եթե սեպտեմբերին կայանալիք Աշխարհի առաջնությունը չլիներ, Ադրբեջանի գործոնը չէ՞ր խանգարի Արթուրին մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին:
- Եվրոպայի առաջնություններն անցկացվել են մարտի վերջից ապրիլի սկիզբ: Հիմա եթե Բաքվում (չեմ ասում՝ Բաքվի առաջնություն, այլ Բաքվում կայանալիք, որովհետև շատերը սխամամբ ասում են՝ Բաքվի Եվրոպական խաղեր, և դա ոչ էլ օլիմպիական խաղեր է, այլ առաջին Եվրոպական խաղեր): Ամեն տարի այդպես է եղել: Արթուրն ամեն տարի մասնակցել է, հետո դուրս է եկել այդ մարզական վիճակից, մինչև հինգ ամիս հետո նրան կարողացել ենք բերել մարզական պիկի, որպեսզի մասնակցենք Աշխարհի առաջնությանը: Այս Աշխարհի առաջնությունը, համեմատած մյուս տարիների հետ, շատ կարևոր է, քանի որ վարկանիշային է, և բոլորն իրենց ուժեղ թիմերով գալիս են առաջին հերթին վարկանիշ ձեռք բերելու: Աշխարհի առաջնությունում վարկանիշ ստանալով՝ հաջորդ տարվա օգոստոսին օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար մեկ տարի ժամանակ ենք ունենում, իսկ այս Աշխարհի առաջնությունում, եթե վարկանիշ չունենանք, վարկանիշային հաջորդ մրցումները կլինեն 2016-ի մայիս-հունիս ամիսներին, արդյունքում պետք է պատրաստվես վարկանիշային մրցումներին, իսկ օլիմպիական խաղերին պատրաստվելու համար շատ կարճ ժամանակ կմնա: Դրա համար ճիշտ է, որ վարկանիշ ձեռք բերենք Աշխարհի առաջնությանը և հանգիստ պատրաստվենք Օլիմպիական խաղերին:
- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ տարիների դառը փորձը կա, այսինքն՝ Բաքվում հնարավոր են մրցավարական կողմնապահություններ, ինչպե՞ս եք գնահատում մեր մարզիկների հնարավորությունները:
- Մրցավարական գործոնը միշտ եղել է և էլի լինելու է, դա իմ կարծիքն է: Հաստատ ոչինչ չեմ կարող ասել: Հիմա մարզիկներն ինչպես կկարողանան մրցավարական գործոնը հաղթահարել, ինչպես կարողանան իրենց հակառակորդների դեմ ելույթ ունենալ, որ մրցավարական գործոնն իրենց վրա չազդի, չեմ կարող ասել:
Մրցավարական գործոնը միշտ էլ եղել է՝ անկախ անցկացման վայրից: Կարծում եմ, որ այդ երկրում հայերին ավելի շատ կփորձեն զրկել մեդալ նվաճելու հնարավորությունից: Բայց մենք մարզիկներ ունենք, որ կարող են այդ ամենը հաղթահարել:
- Ի՞նչ կմաղթեք Բաքու մեկնած մարզիկներին:
- Մենք, ճիշտ է, այնտեղ չենք, սակայն հոգով իրենց հետ ենք, ուզում եմ որ անպայման առաջին հերթին անվտանգ մասնակցեն և հետ գան և անպայման մեդալներով վերադառնան, որպեսզի մենք շատ ուրախ լինենք: Առաջին օրվանից մինչև վերջին օրը հետևելու եմ մեր մարզիկների ելույթներին:
Հիշեցնենք,որ Եվրոպական խաղերը Բաքվում կմեկնարկեն վաղը և կավարտվեն հունիսի 28-ին:
Այդ մրցաշարին Հայաստանը կներկայանա 6 մարզաձևով՝ բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն և կունենա 25 մարզիկ: