Այսօր տեղի ունեցավ «Արտ Ֆեստ» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնի մրցանակաբաշխությունը: Փառատոնն այս տարի կրում էր «Մեկ տանիքի ներքո» խորագիրը։

 

 

«ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնը նպատակ ունի խթանելու երիտասարդական ստեղծագործական մթնոլորտը, ընդլայնելու մասնագիտական համագործակցության շրջանակը, փորձի փոխանակման արդյունքում կատարելագործելու երիտասարդ արվեստագետների մասնագիտական հմտությունները, բացահայտելու նոր անուններ և տարվա ստեղծագործական ձեռքբերումները:

 

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում կինոբեմադրիչ Վիգեն Չալդրանյանն ասաց, որ ժյուրիի դատին երիտասարդները հանձնել են 45 ֆիլմ: Ժյուրին այդ աշխատանքները այնպես է դատել, որով իրենք էլ կուզեին հետագայում դատվեին:

 

 

«Նրանցից հատկապես 7 ստեղծագործողի վրա ենք հայացք սևեռվել: Ում ընտրել ենք, կարող եմ հանգիստ խղճով ասել` բարի գալուստ մեծ կինո: Շատ տարբեր էին ֆիլմերը: Կային այնպիսի ֆիլմեր, որոնցով ոգևորվեցինք, կային նաև այնպիսիք, որոնցից նույնիսկ հիասթափվեցինք: Մեկ-երկու ֆիլմով, իրոք, ոգևորված ենք եղել, և կցանկանայի բեմում նրանց մրցանակը հանձնելիս ասել` բարի գալուստ կինո, կոլեգա»- ասաց Վիգեն Չալդրանյանը:

 

 

Զրուցեցինք նաև ժյուրիի անդամ, ՀՀ դիզայներների միության նախագահ Աշոտ Բաղդասարյանի հետ, ով ևս, կարևորելով փառատոնի դերը, ասաց, որ կատարողական արվեստում տեսնում է զարգացման մեծ հնարավորություն: Երիտասարները իրենք էլ ծանոթանում են նոր լուծումների, միջազգային փորձի հետ, որն էլ նպաստում է կերպարվեստի զարգացմանը:

 

 

«Աշխատանքները շատ բազմաոճ էին, տեխնիկապես՝ բազմազան: Ժյուրին աշխատում էր պրոֆեսիոնալ տեսանկյունից մոտենալ, ամեն ոլորտի նկատմամբ կար յուրովի մոտեցում»,- ասաց Աշոտ Բաղդասարյանը:

 

 

Ժյուրիի անդամներից մեկը` դիզայներ Ինգա Դուդուկչյանը, կարևորեց, որ երիտասարդները կարողանում են իրենց աշխատանքները ներկայացնել, համեմատել մյուսների հետ. «Սա, իրոք, մեծ խթան է աշխատելու համար: Մասնակիցները շատ լավն էին, հետաքրքիր գործեր տեսանք: Հուսով եմ՝ նրանք դեռ լավ առաջարկներ կստանան»,- ասաց նա:

 

 

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց նաև հագուստի մոդելավորման անվանակարգում գլխավոր՝ Ոսկե մրցանակը ստացած Ժոզեֆինա Մուսախանյանի հետ, ով վերջերս Հայաստանից դուրս ներկայացնելով մեր երկիրը՝ պատվով է վերադարձել: Այս աղջկա մոտ կարծես սովորություն է դարձել առաջին հորիզոնականներ զբաղեցնելը:

 

 

Ժոզեֆինան ներկայացրել է «Քարահունջի քրմերը» հավաքածուն՝ այդ կերպ փորձելով հագուստի տեսքով մարդկանց ուշադրությունը հրավիրել դեպի Քարահունջը, որպեսզի ցույց տա` «Քարահունջը ոչ թե պարզապես գերեզմանատուն, այլ քաղաքակրթության բնօրրան է եղել»: