Վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրեր առաջ հայտարարել է, որ իրենք հասարակությանը մանրամասնորեն բացատրելու են էլ. էներգիայի թանկացման պատճառները:

 

Այն, որ հասարակությունն արդեն թքած ունի, թե ինչ են իրեն բացատրում, հայտնի փաստ է, սակայն շարունակում է անհայտ մնալ, թե ձախողված կառավարության ձախողված ղեկավարը ինչ պետք է բացատրի ՀԷՑ-ի չարաշահումներից շշմած հայաստանցիներիս.

 

Կբացատրի՞ վարչապետը, որ ըստ ռուսական պաշտոնական տեղեկատվության՝ ՀԷՑ-ը 40 տոկոսից ավելի շահույթ է ստանում, բայց հայտնվում է ֆինանսական կրախի առաջ:

 

Կարո՞ղ եք բացատրել, պարոն վարչապետ, թե ինչպես և ինչու են մեզ հիմարի տեղ դնում, իսկ մենք այդ շոուի շարունակության շրջանակներում բացատրում ենք ու լուռ ժպտում և հեռանում:

 

Կբացատրի՞ վարչապետը, թե ինչու դատական գործընթացների մի ամբողջ շարք սկսելու փոխարեն մենք մեր գրպանից պետք է վճարենք ՀԷՑ-ի ղեկավարների կայֆերի համար:

 

Ո՞ր մի բացատրական բառարանում կգտնեք բացատրություն, թե ինչու ամենաթողության պայմաններում օտարերկրյա ընկերությունը կարող է լափել հսկայական փողեր, իսկ մեր պետությունը դա կանխելու փոխարեն սպասում է, որ մի լավ բխկան ու հաշիվը փակի:

 

Կբացատրի՞ արդյոք վարչապետը, թե ինչու չմերժեց իր նորահայտ բիզնես-պարտնյոր Սամվել Կարապետյանին և նրա հետ ուս ուսի որոշեց մեր գրպանից վճարել իրենց մեծ ախպերների անհագ ախորժակի համար:

 

Ու սա է՞ ձեր տնտեսական աճը, երբ ամենօրյա թանկացումների և տնտեսության գահավիժման ֆոնին, ըստ աբրահամյանական գուշակության, մենք տնտեսական աճ ենք ունենալու: Այստեղ են ասել՝ գժեր, գժվեք:

 

Գոնե առժամանակ իջեք էկրաններից. ժողովուրդը ձեզ չտեսնելով՝ առժամանակ նյարդային նոպաներ չի ունենա:



Արամ Հակոբյան