Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը մասնակցել է Ստամբուլի Ուսքյուդարի (Սկյութար) Սուրբ Խաչ հայկական դպրեվանքի ուսումնական տարվա ավարտական արարողությանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների խնդրին, Թուրքիայի հայկական համայնքին և Հայոց ցեղասպանության հարցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:
Անդրադառնալով Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանության խնդրին՝ Արընչը թուրքական պաշտոնյաների համար արդեն սովորական դարձած խոսքերով կրկնել է միտքն այն մասին, որ «կատարվածը շատ ողբերգական է եղել և դրա վնասը զգացել են բոլոր կողմերը»: Թուրքիայի փոխվարչապետը ցանկություն է հայտնել, որ երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնվեն: «Մի օր, վստահ եմ, որ նման ավարտական արարողությանն այստեղ կլինեն Հայաստանի վարչապետը, նախարարներ, գուցե և մենք կարողանանք որոշ շփումներ ավելի հանգիստ, միասնական և ընկերական անենք»,- նշել է Արընչը: Նա Թուրքիայում բնակվող հայերին անվանել է երկրի անբաժան մասը՝ հավելելով. «Եթե դուք չլինեք, մենք կիսատ կլինենք»:
Իր խոսքում փոխվարչապետն անդրադարձել է նաև Հրանտ Դինքի սպանությանը՝ կատարվածը սարսափելի դեպք որակելով:
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին խոսելիս՝ Արընչը դուրս չի եկել պաշտոնական Անկարային բնորոշ հռետորաբանությունից և կրկին հիշատակել է թուրքական կողմի համար ավանդական դարձած առաջարկն արխիվները պատմաբանների կողմից ուսումնասիրելու վերաբերյալ: