Խղճում եմ մարդկանց, ովքեր այդպես անքաղաքավարի են ընդունում հյուրերին: Այս մասին Чемпионат.com-ի հետ զրույցում ասել է Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր հայազգի Ստեփան Մարյանյանը, ով ներկայացնում էր Ռուսաստանը: 

 

- Եվրոպական խաղերի մրցակցության մակարդակի մասին պատկերացում ունեի՞ք, գիտեի՞ք՝ ովքեր են մրցակիցները: 


- Ինչ-որ մեկի հետ գորգում հանդիպել էի, բայց հիմնականում՝ ոչ, միայն անուններով գիտեի: Եթե անկեղծ՝ մտածում էի, որ ավելի բարդ կլինի: Ստացվեց, չեմ ասի՝ շատ հեշտ, բայց ավելի հեշտ, քան սպասում էի: Գոնե մինչև եզրափակիչ: Ա'յ, եզրափակչում պահանջվեց ջանք թափել: Սոսլան Դաուրովը՝ Բելառուսից, չէր ուզում հանձնվել, մինչև վերջ պայքարեց:

 

- Մինչ մեկնելը, հասկանո՞ւմ էիք, որ Ադրբեջանում ձեզ «ջերմ» են դիմավորելու:


- Իհարկե, իմ ազգանունով, որում երկու «յան» կա (Մարյանյան - հենց այսպես է ըմբշամարտիկ ազգանունը գրվում), հենց Բաքու է պետք գնալ (ծիծաղում է): Պատրաստ էի դրան ու ո՛չ վախենում էի, ո՛չ հուզվում: Ես մեծ, շատ մեծ երկիր եմ ներկայացնում, ծնվել-մեծացել եմ Ռուսաստանում: Ինչի՞ց վախենամ:

 

- Մշտական «բուուու» վանկարկումները Ձեր հասցեին չփչացրի՞ն տրամադրությունը, չվիրավորեցի՞ն:


- Ընդհակառակը՝ միայն տրամադրեցին: Ոչ մի խնդիր դա ինձ համար չստեղծեց, հակառակը՝ օգնեց մոբիլիզացվել: Ես խղճում եմ մարդկանց, ովքեր այդպես անքաղաքավարի են ընդունում հյուրերին: Չէ՞ որ սա սպորտ է, պայքարը պետք է ոչ առանձնացնի, այլ միավորի ազգերը: Բայց ոչինչ, իրենց որոշելիքն է: Ես գործով պատասխանեցի՝ կիսաեզրափակչում խոշոր հաշվով հաղթեցի ադրբեջանցի մարզիկին: Բայց ես նրա դեմ ոչ մի բան չունեմ, սա սպորտ է: