Իսպանիայում Թուրքիայի դեսպան Օմեր Օնհոնը խիստ քննադատության է աժանացել Տոլեդոյում հունիսի 9-ին կայացած Անվտանգության և պաշտպանության միջազգային 17-րդ ամենամյա սեմինարի ժամանակ բարձրացրած Հայոց ցեղասպանության մասին հարցի, ինչպես նաև իր կառավարության կողմից Սիրիայի ջիհադիստներին մատուցած ռազմական օժանդակության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Եվրոպական լրագրողների ասոցացիայի կազմակերպած միջոցառման հյուրերից են եղել Իսպանիայի Թագավորության պաշտպանության նախարար Պեդրո Մորենեսը, Հետախուզության ազգային կենտրոնի տնօրեն Ֆելիքս Սանս Ռոլդանը, անվտանգության հարցերով պետքարտուղար Ֆրանսիսկո Մարտինես Վասկեսը և այլք:
Քննարկման հիմնական թեման եղել ջիհադիզմը՝ որպես ժամանակակից աշխարհի սպառնալիք, դրա շարժառիթները, ֆինանսավորման աղբյուրները: Հարցուպատասանի համար նախատեսված ժամանակահատվածում Թուրքիայի դեսպան Օմեր Օնհոնը (Ömer Önhon) հարց է հղել ահաբեկչության հարցեով փորձագետ Ֆերնանդո Ռեինարեսին այն մասին, թե ինչու են արևմտյան ԶԼՄ-ները և հասարակությունը ավելի շատ ուշադրություն դարձնում ավելի շատ քրիստոնյաների սպանություններին, քան՝ մուսուլմանների: Որպես օրինակ նա բերել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի լուսաբանումն իսպանական մամուլում:
Հարցադրումը աղմուկ է բարձրացրել սրահում, իսկ պատասխանն ավելի քան կտրուկ է եղել: Ռեինարեսը թուրք դիվանագետի հարցադրումը բնութագրեց որպես «դեմագոգիա», իսկ ելույթը՝ «քաղաքական հայտարարութուն»: Խուան Կառլոս համալսարանի պրոֆեսորներից մեկն էլ հավելել է, որ ով՝ ով, բայց Թուրքիան հաստատ այն վիճակում չէ, որպեսզի կարողանա քննադատաբար մոտենալ այս հարցին: «Ձեր կառավարությունը թույլ է տվել, որպեսզի զգալի քանակությամբ վարձկաններ և զինամթերք տեղափոխվի Սիրիա: Այդ ամենի մեծ մասը հայտնվել է ԻՊ ջիհադիստների ձեռքերում, իսկ այս հակամարտ ությունից տուժած մահմեդականները ավելի շատ աջակցության են արժանացել Արևմուտքի, քան իրենց իսկ հարևան մահմեդական երկրների կողմից»: Թուրքիայի դեսպանը ստիպված է եղել լռել, չնայած, մինչ այդ, փորձում էր համոզել ներկաներին, որ Թուրքիան ոչ մի կապ չունի Իսլամական Պետությանը ռազմամթերք մատակարարելու հետ: