Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ԼՈՒՐԵՐ.com-ը, այս պահին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն սկսել է նիստը, որի ընթացքում քննարկվելու է էլեկտրաէներգիայի թանկացման հարցը: ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ հաստատվեց նիստի օրակարգը, որում ներառված է էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հարցը: Նիստին ներկա չէ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ղեկավար Եվգենի Բիբինը:

 

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանին զայրացրել էր Բիբինի բացակայությունը.

 

«Բիբինն արհամարհել է բոլորիս, չի ներկայացել անգամ ԱԺ լսումներին: ՀԷՑ-ը 21 դրամով վերցնում է էլեկտրաէներգիա, չարչարվում են բոլորը՝ ատոմակայանը, ՀԷԿ-երը, իսկ ՀԷՑ-ը վաշխառուի նման վերցնում ու ծախսում է միայն ու թանկացնում էլեկտրաէներգիան: Բիբինն էլ ՀԾԿՀ գործողությունները դեռ անվանում է աննորմալ գործընթաց: Ո՞նց կարելի է խաբեբայի տվյալները հիմք ընդունել»,- ասաց Մարգարյանը: