ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը մասնակցել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի կազմակերպած' Եվրոպական առաջին խաղերից հայրենիք վերադարձած հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի ընդունելության արարողությանը:
Նախարար Գ. Ղազարյանը շնորհավորել է մարզիկներին, մարզիչներին և դափնեպսակ հանձնել 75 կգ քաշային Կարապետ Չալյանին: Եվրոպական առաջին խաղերում այս մարզաձևում, բացի Կարապետ Չալյանից, Հայաստանի Հանրապետության պատիվը պաշտպանել են նաև Միհրան Հարությունյանը (66 կգ), Ռոման Ամոյանը (59 կգ) և Մաքսիմ Մանուկյանը (85 կգ):
Ընդունելությանը ներկա ՀԱՕԿ-ի և նախարարության ներկայացուցիչները շնորհավորել են հայ ըմբիշներին՝ քաջության, համարձակության և տոկունության համար, որոնք հոգեբանորեն անհավասար պայմաններում կարողացել են պայքարել ու բարձր պահել հայրենիքի պատիվը: Ներկաները միակարծիք են եղել, որ խաղերին մասնակցող բոլոր հայ մարզիկները՝ անկախ մարզական ձեռքբերումներից, արդեն իսկ հաղթողներ են:
Մյուս մարզիկներին դափնիներ է հանձնել ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն ու նշել հատկապես Միհրան Հարությունյանի նվաճած արծաթե մեդալի կարևորությունը, որը մեծ ցնծություն և ուրախություն պարգևեց ողջ հայ ժողովրդին. տեղեկացնում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը: