Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի ընտանիքին: Հեռագրում մասնավորապես ասված է.

 

 

«Արցախը և ողջ հայ ժողովուրդը խորը ցավ ապրեցին՝ լսելով Քըրք Քըրքորյանի մահվան բոթը: Քըրք Քըրքորյանը բացառիկ անձնավորություն էր: Նրա կյանքը լի էր դժվարություններով ու բարդություններով, որոնք նա հաղթահարել է իր աշխատասիրության, անկոտրում կամքի, լավատեսության շնորհիվ, հասել համաշխարհային ճանաչման՝ հպարտություն ներշնչելով մեր ողջ ժողովրդին:

 

 

Մեծ է Քըրք Քըրքորյանի ավանդը հայոց անկախ պետականության զարգացման ու զորացման, համահայկական խնդիրների լուծման գործում: Նրա անմիջական օժանդակությամբ Հայաստանում եւ Արցախում իրականացվել են բազմաթիվ ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրեր, որոնք շոշափելի ազդեցություն են ունեցել հայրենիքի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման վրա:

 

 

Քըրք Քըրքորյանի հայրենանվեր գործունեությունը բարձր է գնահատվել հայ ժողովրդի կողմից, եւ նա իր պատվավոր տեղն է զբաղեցրել ազգային բարերարների շարքում:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից անդառնալի կորստի կապակցությամբ ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Քըրք Քըրքորյանի ընտանիքին, նրա հարազատներին ու մերձավորներին: Հայ ժողովրդի արժանավոր զավակի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»: