CNN-ը ռեպորտաժ է հեռարձակել Եվրոպական խխաղերի ֆոնին Ադրբեջանում քաղաքական բռնաճնշումների եւ մարդու իրավունքների խախտումների մասին: Ռեպորտաժի հեղինակը հայտնի լրագրող Քրիստիան Ամանփուրն է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, անդրադառնալով Բաքվում անցկացվող խաղերին, լրագրողը նշում է, որ Ադրբեջանի իշխանությունը նման միջոցառումներով աշխատում է դրական հեղինակություն վաստակել: «Սակայն, Ադրբեջանը ճանաչվում է վերջին շրջանում ընդդիմադիր մտածողությամբ մարդկանց դեմ իշխանության գործած ռեպրեսիաներով: Ադրբեջանի իշխանությունը տարբեր միջոցներով կանխել է միջոցսառումը լուսաբանելու համար միջազգային ԶԼՄ-ների լրագրողների այցը Բաքու»,- ռեպորտաժում ընդգծել է հեղինակը:
Ամանփուրը ռեպորտաժում Ադրբեջանի ընդդիմադիր ուժերի «Ազգային խորհուրդ» շարժման հանրահավաքներից հատվածներ է ցուցադրել, հետո մեջբերումներ կատարել Ադրբեջանում ձերբակալված «Ազատություն» ռադիոկայանի աշխատակցուհի Խադիջա Իսմայիլովայի մասին New York Times թերթում լույս տեսած հոդվածից: