Հայազգի միլիարդատեր Քըրք Քըրքորյանի կտակի համաձայն' հուղարկավորությունը տեղի կունենա Լոս Անջելեսում' ընտանիքի և մոտ հարազատների նեղ միջավայրում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը: «Կլինի ոչ հանրային, փակ հուղարկավորություն, որին կմասնակցեն ընտանիքի անդամները և մոտ հարազատները: Քըրք Քըրքորյանը շատ չէր սիրում լինել հանրային վայրերում. նրա անունով շենքեր, հաստատություններ չեք տեսնի, միշտ առանձին էր անում ամեն ինչ: Նրա ցանկությունն է եղել, որ հուղարկավորությունը լինի ոչ մարդաշատ»,- հայտնեց Հարութ Սասունյանը:

 

98 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար Քըրք Քըրքորյանը: Մահվան բոթը հաստատել է Քըրքորյանի «Տրասինդա Քորփորեյշնի» նախագահ և գործադիր տնօրեն Էնթոնի Մանդեկիքը: Քըրքորյանը մահացել է երկուշաբթի երեկոյան՝ Բեվերլի Հիլլզի իր տանը: