Դիլան Ռուֆը, ով կասկածվում է Չարլսթոնի եկեղեցում իրականացրած զանգվածային սպանության մեջ՝ դրդված ռասայական ատելությունից, նախատեսել էր սարսափելի հանցագործությունն ավելի քան կես տարի առաջ: Այդ մասին ABC հեռուստաընկերությանը պատմել է նրա ընկերը՝ Դալթոն Թայլերը: Նրա խոսքով՝ Ռուֆը հույս ուներ իսկական քաղաքացիական պատերազմ սկսել, նույնիսկ եթե դրանից հետո նա ստիպված կլիներ հրաժեշտ տալ կյանքին:
«Նա կողմ էր ռասայական խտրականությանը: Ասում էր, որ ցանկանում է քաղաքացիական պատերազմ սկսել, նման մի բան անել, այնուհետև ինքնասպան լինել»,- ասել է Թայլերը:
Երիտասարդը նշել է նաև, որ ատրճանակը Ռուֆին գնել էին ծնողները, սակայն նրանք չեն թույլատրել վերցնել այն:
Հիշեցնենք, որ ամերիկյան Չարլսթոն քաղաքի ողբերգությունը տեղի է ունեցել հունիսի 17-ին: Աֆրիկյան մեթոդական Եպիսկոպոսական եկեղեցու հրաձգության զոհ է դարձել ինը մարդ՝ վեց կին և երեք տղամարդ:
Հանցագործության մեղավորը 21-ամյա Դիլան Ռուֆն է, ով այժմ գտնվում է կալանքի տակ: