Ադրբեջանի բանակում ոչ մարտական պայմաններում եւս մեկ զինծառայող է մահացել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ» թերթը հայտնում է, որ Աղդամի զորամասերից մեկի զինվոր Ալիսման Աբբասլըն, ով ծննդով Բեյլագանի շրջանից է, հունիսի լույս 19-ի գիշերը հրազենային վիրավորումից մահացել է:

Բեյլագանի աղբյուրներից թերթի ստացած տեղեկության համաձայն' գնդակը դիպել է զինվորի կոկորդին: Զինվորի ընտանիքին հայտնել են, որ նա գողացել է զենքի պահեստի բանալին, այնտեղից վերցրել զենքը եւ կրակել իր վրա:

 

 

«Ալիսման Աբբասլըն առաջիկա զորակոչի ժամանակ պետք է ավարտեր զինծառայությունը: Այսինքն, նրա տուն վերադառնալուն հաշված օրեր էին մնացել:

 

 

Զինվորի հարազատները նրա ինքնասպանության դիմելու պնդմանը չեն հավատում: Նրանք գտնում են, որ Ալիսմանը գնդակահարվել է ուրիշի կողմից», -հայտնում է թերթը:

 

 

Ադրբեջանական ԶԼՄ-ներիմ համաձայն' վերջին 8 օրերի ընթացքում սա ադրբեջանական բանակում տեղի ունեցած 4-րդ կորուստն է: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի անդրադարձել զինվորների մահվան դեպքերի մասին ԶԼՄ-ների հրապարակումներին:

 

 

Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը «Ազադլըգ»-ին հայտնել է, որ եթե ՊՆ-ն լռում է, ապա դա պետք է գնահատել որպես համաձայնություն:

 

 

Փորձագետի կարծիքով' նման տիպի տեղեկությունները չեն հանրայնացվում գիտակցաբար:

 

 

«Աշխատում են մինչեւ հունիսի 26-ը բանակի հետ կապված՝ վիճակը փչացնող տեղեկություններ չհրապարակել: Քանի որ նախատեսվում է տասից ավելի անձանց գեներալի կոչում շնորհել: Այդ անձանց շարքերում կան այնպիսիները, որ նրանց անունները մամուլում բազմիցս հոլովվել են կապված կաշառքի եւ կոռուպցիայի հետ: Այդ պատճառով է Պաշտպանության նախարարությունը նման դիրք է բռնել: Չնայած, խոսքը մարդու ճակատագրի մասին է»,- ասել է Ջաֆարովը:

 

 

«Ազադլիգ»-ն ավելի վաղ հայտնել էր, որ Թովուզի Գարալար գյուղում տեղակայված զորամասի Թափդըգով ազգանունով զինվորն ինքնասպանություն է գործել: Նրա ինքնասպանություն գործելու հանգամանքները հայտնի չեն: Որպես ինքնասպանության պատճառ՝ նշվել էր, որ զինվոին նեղացրել են նրա հրամանատարները: Աղդաշից զորակոչված Թափդըգովը նոր էր արձակուրդից վերադարձել զորամաս:

 

 

Մյուս զինվորը, որը ծառայում էր Գեդաբեկում տեղակայված զորամասերից մեկում, ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով: Ինքնասպանության պատճառը' ծանր ֆիզիկական բռնությունն է եղել: Թերթին չի հաջողվել պարզել նրա անուն-ազգանունը:

 

 

Թերթը հայտնել էր նաեւ օրերս առաջնագծում 18-ամյա զինվոր Էլվին Էթիբար օղլու Դերվիշեւի զոհվելու մասին: Վերջինս իսկական զինծառայության էր կանչվել Բելոքանի շրջանից: Նրա դին զինվորական պատիվներով հողին է հանձնվել հայրենի Քաթեխ գյուղում: Բոլոր երեք կորստի մասին Ադրբեջանի ՊՆ-ն չի հայտնել:

 

 

Թեեւ Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների համաձայն' տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազն 76 զինծառայող եւ 31-ից ավելի վիրավոր: