Վրաստանի ներքին գործերի նախարարությունը վրդովվել է թբիլիսցի դեռահասների վարմունքից, որոնք ձայնագրիչների ուժեղարարների միջոցով վագրերի մռնչոցի ձայնագրություններ են արձակում՝ անցորդներին կատակով ծաղրելու համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Հաղորդում է ստացվել Փալիաշվիլիի փողոցից, որ իրենք վագրի մռնչյուն են լսում: Վայր է ժամանել պահակախումբ: Եվ ի՞նչ է պարզվել: Դեռահասները հեռախոսով վագրի մռնչյուն են ձայնագրել և այն բարձրախոսներով միացրել բաց լուսամուտից դուրս: Ի՞նչ ասես նրանց, ես նույնիսկ չգիտեմ»,- Facebook-ի իր էջում գրել է Վրաստանի ՆԳ նախարարության մամուլի կենտրոնի ղեկավար Նինո Գիորգոբիանին:
«Ամբողջ օրը բազմաթիվ կեղծ կանչեր են ստացվել, բայց դա ինչի է նման: Հուսով եմ, որ այլևս ոչ մեկի մտքով չի անցնի այս կերպ կատակել»,- հավելել է Գիորգոբիանին:
Հունիսի լույս 14-ի գիշերը տեղի ունեցած հեղեղման ժամանակ Թբիլիսիի կենդանաբանական այգու կենդանիների ավելի քան կեսը սատկել է, գիշատիչների մի մասը, այդ թվում՝ վագրեր, առյուծներ և արջեր, փախել են քանդված մեծավանդակներից: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ սպիտակ վագրը հարձակվել է մի տղամարդու վրա, ստացած վերքերից նա մահացել է: Կենդանուն ավելի ուշ գտել և գնդակահարել են:
Ներկայումս ազատության մեջ են մնում մի վագր և մի շերտավոր բորենի:
Քաղաքում աշխատում են հատուկ խմբեր: Զինվորականները, ոստիկանները և կամավորները որոնում են փախած կենդանիներին, ինչպես նաև հեղեղման հնարավոր զոհերի: Ներկայումս կորած է համարվում երեք մարդ: Թբիլիսիում հեղեղման հետևանքով, վերջին տվյալներով՝ զոհվել է 19 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքսը»: