Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը երազում է մի քանի օր, առանց քաղաք վերադառնալու, հանգստանալ իրենց ամառանոցում, որովհետև այս տարի դեռ չի հասցրել հանգստանալ։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց տիկին Աճեմյանը՝ տեղեկացնելով, որ ամառանոցը գտնվում է Կոտայքի մարզում՝ Լուսակերտի տարածքում։
Երկրից դուրս մեկնելու ծրագրեր էլ դեռ չկան, քանզի պատգամավորի ամուսինը, ով հայտնի դերասան Արա Դեղտրիկյանն է, ամռան այս օրերին զբաղված է: Բայց եթե հնարավորություն լինի, տիկին Աճեմյանը ծովափնյա հանգիստ է գերադասում, թեև չգիտի՝ կստացվի՞ այս տարի, թե՞ ոչ։
Պատգամավորի խոսքով՝ ժամանակի, մի քիչ էլ ֆինանսական առումով կարող է հանգիստն այլ կերպ դասավորվել, բայց հիմնականում զբաղվածության խնդիրն է, որ չի ստացվում հանգիստը կազմակերպել ըստ ցանկության։
«Եվ համարում եմ, որ յուրաքանչյուրն իրավունք ունի իր հանգիստն իր ուզած ձևով կազմակերպել»,- ասաց տիկին Աճեմյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հոգնե՞լ է արդյոք Ազգային ժողովի գերլարված աշխատանքից։