Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպին՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ հպարտություն է զգում երիտասարդության համար, որը պայքարում է քաղաքացիական պարտքի զգացումով և արհեստավարժ ոստիկանների համար. «Որպեսզի այս երկուսը մեր երկրում չբախվեն, պետք է բոլոր կողմերն առաջնորդվեն բացառապես օրենքով»,- ասաց Աշոտյանը:
Վերջինս նշեց, որ երեկ ակցիայի մասնակիցները թույլ են տվել նաև մի շարք սխալներ:
«Առաջին սխալը, որը թույլ տվեցին ակցիայի մասնակիցները, Հանրապետության Նախագահի հետ հանդիպման առաջարկը մերժելն էր: Նրանք պետք է ընդառաջ գնային այդ առաջարկին և հանդիպեին Նախագահի հետ, ինչն ավելի արդյունավետ քայլ կլիներ իրենց պայքարի համար»,- նշեց Աշոտյանը:
Ակցիայի մասնակիցների երկրորդ սխալն Աշոտյանը համարում է այն, որ նրանք չեն ենթարկվել ոստիկանության կոչերին և չեն վերադարձել Ազատության հրապարակ: «Ես կարծում եմ, որ սա մարտավարական տեսակետից իրենց մյուս սխալն էր»,- ասաց նախարարը:
Արմեն Աշոտյանը ցավ հայտնեց, որ միջադեպի ընթացքում տուժել են նաև լրագրողներ՝ ընդգծելով, որ լրագրողների աշխատանքը շատ բարդ է: «Լինել իրադարձությունների էպիկենտրոնում, տալ օպերատիվ լրահոս, միշտ չէ, որ անվտանգ է: Կարծում եմ՝ ավելի մեծ համբերություն է հարկավոր նրանց աշխատանքում: Սակայն ցանկանում եմ նշել, որ որոշ լրատվամիջոցներ շատ ուղղորդված էին լուսաբանում այս ցույցը: Շատ կողմնակալ էին հատկապես ուղիղ եթերում»,- ընդգծեց Աշոտյանը:
Անդրադառնալով ոստիկանության գործողություններին՝ Արմեն Աշոտյանը փաստեց, որ ոստիկանությունը կարողացել է բարձր մակարդակով գործողություն իրականացնել, իսկ մինչ այդ կարողացել է համբերատար աշխատել ակցիայի մասնակից երիտասարդների հետ: «Ես պետք է նաև նշեմ, որ այդ երիտասարդներից շատերն ինձ վրա լավ տպավորություն են թողել: Ցավոք, իրենք իրենց մեջից չկարողացան ինքնակարգավորման մեխանիզմներ ընտրել, որպեսզի կարողանան իրենց այդ տարերային արդար ցասումն ինստիտուցիոնալ դարձնել, օրինակ՝ պատվիրակություն կազմել, հանդիպել Նախագահի հետ»,- հավելեց նա:
Եզրափակելով խոսքը՝ Աշոտյանը նշեց, որ իր համար անհասկանալի է մնում, թե ինչու այդ ակցիային չեն մասնակցել ընդդիմության ներկայացուցիչները: Հարցին, թե ինչո՞ւ միայն ընդդիմության ներկայացուցիչները, Աշոտյանն ընդգծեց, որ իշխանությունների դեմ ցույցին, իշխանության ներկայացուցիչները չէին կարող մասնակցել: Դիտարկմանը, թե բողոքի ակցիան ոչ թե իշխանությունների դեմ էր, այլ էլեկտրաէներգիայի թանկացման, նախարարն ընդգծեց, որ ինքը հետևել է ակցիայի ընթացքին և այնտեղ հնչել են նաև կոչեր իշխանությունների դեմ: