Հայ երաժշտասերները և Bambir ռոք խմբի երաժիշտները հնարավորություն կունենան անվտանգ ներկա գտնվելու «Tbilisi Open Air 2015» երաժշտական փառատոնին: Չնայած Թբիլիսիի կենդանաբանական այգու հայտարարությանը, ըստ որի՝ ջրհեղեղի հետևանքով դեռ ազատության մեջ է վագրերից մեկը, փառատոնի կազմակերպիչները հավաստիացնում են, որ այն անվտանգ կանցնի: «Արմենպրես»-ի հետ զրույցում փառատոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սոֆի Էբրալիձեն հավաստիացրեց, որ փառատոնի տարածքը գտնվելու է խիստ հսկողության տակ և պաշտպանված է լինելու 8 կմ երկարությամբ և 2.4մ բարձրությամբ ցանկապատով: «Այն լուսավորված է և յուրաքանչյուր 15 մետրի վրա կանգնած են լինելու անվտանգության աշխատակիցները: Վստահեցնում եմ, որ հայ ուկնդիրները կարող են չվախենալ փառատոնին ներկա գտնվելուց»,- ասաց Սոֆի Էբրալիձեն:
«Tbilisi Open Air 2015» երաժշտական փառատոնը տեղի կունենա հուլիսի 3-7-ը Թբիլիսյան ջրամբարի ափին: Փառատոնին ակնկալվում է հյուրընկալել մոտ 1200 մասնակցի: Երկու մեծ բեմերում փառատոնի տարբեր օրերին վրացական խմբերից բացի, հանդես են գալու Զեմֆիրան, «Ակվարիում», «Բամբիռ», «Թայգր Լիլիզ», բրիտանական «Արքայվ» խմբերը, երգչուհի Բեթ Հըրթը, իսկ փառատոնի փակումը կազդարարի «Փլեյսբո» խումբը:
Փառատոնի հսկայական տարածության վրա մասնակիցները հնարավորություն կունենան գիշերել վրանային ճամբարի համար հատկացված մասում, որտեղ նախատեսված է տեղադրել առավել քան 300 վրան: