Էլեկտրաէներգայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաներին օրեր շարունակ ցուցարարների կողքին են եղել նաև հոգևորականները: Նրանք դա արել են' հաշվի առնելով անհանգստություններն ու մտահոգությունը, որ ունեին Ամենայն Հայոց Հայրապետն ու ողջ հոգևոր դասը: «Արմենպրես»-ը զրույցել է Մայր Աթոռ Ս. Էջմիածն ի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ:

 

 

-Սրբազան Հայր, մի քանի օր շարունակ Երևանում ընթանում են բողոքի ցույցեր ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: Մենք տեսանք, որ հիշյալ գործընթացին մասնակից էիք նաև Դուք և որոշ հոգևորականներ. ո՞րն է Ձեր դիրքորոշումն այս հարցում:



-Առաջին հերթին կուզեմ արձանագրել, որ այս գործընթացին հոգևորականներիս ներկայությունը պայմանավորված է այն մտահոգությամբ ու անհանգստությամբ, որ ունեն Ամենայն Հայոց Հայրապետը և մեր ողջ հոգևոր դասը՝ կապված դեպքերի հնարավոր վատթար զարգացումների հետ:

 

 

-Իսկ ի՞նչ է Ձեր դիրքորոշումը սակագնի բարձրացման առնչությամբ:



-Այո՛, ես ցանկանում էի անդրադառնալ այս հարցին, բայց Դուք ինձ կանխեցիք:

 

 

Ակնհայտ է, որ մեր երկիրը բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրների առջև է կանգնած: Սա գիտակցում են ամենքը: Սակագների բարձրացումը սոցիալական հավելյալ բեռ է ենթադրում: Մենք մտահոգված ենք նաև, որ սոցիալական հարցը այլ շահարկումների ենթարկվելով՝ չհանգեցնի վտանգավոր և անկանխատեսելի հետևանքների: Մենք մեր առաքելությունն այստեղ տեսնում ենք հենց դրանում, որպեսզի մեր հովվական խնամքով և ծառայությամբ նպաստենք գործընթացների մեջ հանդարտության, խոհեմության ու զգոնության պահպանմանը, երկխոսության շարունակականությանը՝ բացառելով բախումներն ու բռնությունները:

 

 

-Սրբազան Հայր, լրատվամիջոցներում երբեմն-երբեմն հարցադրումներ են կատարվում նաև կապված նրա հետ, թե ինչու Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսքով հանդես չի գալիս այս իրավիճակում: Ի՞նչ է Ձեր պատասխանը:



-Գիտեք, այս օրերի ընթացքին իմ կողմից բազմիցս նշվել է, որ հոգևորականներս մեր առաքելությունն այստեղ իրականացնում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, և մեր ծառայությունն արդեն արտահայտում է այն դիրքորոշումը և ըմբռնումները, որ ունի Նորին Սրբությունը ծավալվող զարգացումների վերաբերյալ:

 

 

Առիթից օգտվելով՝ ուզում եմ մի դիտարկում ևս կատարել: Տարօրինակ է, որ տարբեր անձեր փորձում են Եկեղեցին հարմարեցնել իրենց պատկերացումներին, մի կողմից' ոստիկանապետը Եկեղեցու սպասավորներին հարցադրում է կատարում նրանց մոլորված լինելու մասին, մյուս կողմից' որոշ ակտիվիստներ մեղադրում են եկեղեցականներին իշխանություններից պատվիրակված լինելու մեջ, շատ հաճախ խոչընդոտում են նրանց հովվական գործունեությունը և այլն: Ոմանք էլ իրենց պատկերացումներից ելնելով, ինչպես արդեն իսկ Ձեր հարցադրման մեջ արտահայտում եք, պահանջում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսի, այս կամ այն գործողությունները ձեռնարկի: Այս ամենի մեջ ես տեսնում եմ մի կարևոր բացթողում. հավանաբար անդրադարձ չի կատարվում, որ Եկեղեցին ունի իր գործելակարգը, սկզբունքներն ու մոտեցումները և գործում է համապատասխանաբար: Մենք վստահորեն կարող ենք ասել, որ Մայր Աթոռը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մինչև այս պահը անհրաժեշտը իրականացրել է և շարունակելու է իրականացնել:

 

 

-Սրբազան, լրատվամիջոցներում տեսանք Կիրիլ Պատրիարքի անունից շրջանառվող մի հայտարարություն, որում բացասական երանգներով է խոսվում հայության մասին: Ինչ է այս մասին Ձեր կարծիքը:



-Այս հայտարարությունը որևէ կապ չունի Ռուսաց Պատրիարքի հետ: Այս մասին Մայր Աթոռի կողմից պարզաբանման նպատակով կատարված հարցմանն ի պատասխան հավաստիացում կատարվել է նաև Մոսկվայի Պատրիարքարանի կողմից: Եվ հայտարարության բովանդակությունը ինքնին արդեն վկայում է, որ այն կեղծ է, և եթե չեմ սխալվում, տարածվում է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից՝ փորձելով ստվեր նետել այս շարժման սոցիալական բնույթի վրա:

 

 

- Ինչպե՞ս եք տեսնում խնդրի հանգուցալուծումը:



-Փառք Տիրոջը, որ մինչ այս պահը հնարավորինս պահպանվել է խոհեմությունն ու շրջահայացությունը: Ես կարծում եմ, որ ցանկացած հանգուցալուծում պետք է նպաստի երկրի բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավմանը, սոցիալ-տնտեսական, քաղաքական կյանքի առաջընթացին և մեր պետականության առավել ամրապնդմանը: Աղոթում ենք, որ առկա իրավիճակը շուտափույթ լուծումներ գտնի և ժողովուրդը վերադառնա իր բնականոն կյանքին: