Միացյալ Նահանգների Վաշինգտոն քաղաքի բնակիչները հունիսի 28-ին հավաքվել են Ադրբեջանի դեսպանատան դիմաց' բողոքելով ադրբեջանական ագրեսիայի դեմ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից' նշելով, որ հավաքը նվիրվել է ՀՀ Նախիջևանյան սահմանին հակառակորդի կրակոցից զոհված Արման Եփրեմյանի հիշատակին: «Մենք այսօր հավաքվել ենք Ադրբեջանի դեսպանատան դիմաց դատապարտելու Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի պարբերական հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ, ինչպես նաև' հիշելու Արման Եփրեմյանին և այն երիտասարդ կանանց և տղամարդկանց, ովքեր մեծ զոհողություններ են կատարել հայրենիքին' խաղաղություն և ազատություն, Կովկասի տարածաշրջանում' կայունություն ապահովելու համար»,- ասել է ՀՅԴ Սեբուհ կոմիտեի նախագահ Արամ Սաֆարյանը:
Նրա համոզմամբ' ոչ մի պետական հարաբերություն կամ Առաջին Եվրոպական խաղերի հյուրըկալումը չի կարող սքողել ադրբեջանական բռնությունները լրագրողների, իրավապաշտպան ակտիվիստների դեմ, շարունակական խախտումներն ու բռնությունները շփման գծում և հայ-արդբեջանական սահմանին:
ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է դատապարտի Ադրբեջանի նախագահ Ալիևի հայատյաց գործելաոճը, իսկ Եվրոպական օլիմպիական հանձնաժողովը և սպորտային մյուս միջազգային կազմակերպությունները չպետք է թույլ տան բռնակալին մարզիկներին օգտագործել իր ոճրագործությունները, մարդու իրավունքների ոտնձգությունները քողարկելու համար: