ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Սիրիան փլուզման եզրին է կանգնած այն պատճառով, որ ժնևյան համաձայնագրի ընդունումից երեք տարի ի վեր միջազգային հանրությունն այդպես էլ չի կարողանում կարգավորել երկրում զինված հակամարտությունը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նա հիշեցրել է, որ 2011թ. ի վեր տևող հակամարտությունն ավելի քան 220 հազար մարդու կյանք է խլել, մոտ 12 մլն մարդ ստիպված արտագաղթել է: Գնալով տարածաշրջանում ավելանում է ԻՊ-ի և ծայրահեղական այլ խմբավորումների ազդեցությունը:
Պան Գի Մունի խոսքով՝ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ աշխատակից Ստեֆան դե Միստուրան ներկայումս խորհրդակցություններ է անցկացնում՝ աշխատելով գործի դնել ժնևյան համաձայնագիրը և թեթևացնել սիրիացի ժողովրդի վիճակը:
Գլխավոր քարտուղարը կոչ է արել բոլոր երկրներին աջակցել ՄԱԿ-ի ջանքերին տարածաշրջանում բռնությունները դադարեցնելու գործում: