Իտալիայի Բոլոնիա քաղաքում անցկացվելիք Cinema Ritrovato (Վերահայտնագործված ֆիլմեր) 29-րդ կինոփառատոնում ցուցադրվելու է ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում պահվող, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ մարդկանց մասին պատմող հազվագյուտ փաստաթղթեր՝ շարժապատկերներ: Դրանք փաստաթղթեր են այն մասին, թե ինչպես են որոշ հայեր կարողացել փախչել մահվան ճանապարհորդությունից՝ տեղահանությունից, ինչպես է հայ որբերին հաջողվել նավակներով փախցնել Թուրքիայից:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ակոս»-ը:
Մինչ այժմ Ցեղասպանության տարիների վերաբերյալ հիմնականում միայն լուսանկարներ են հայտնի, և այս համր շարժանկարների հայտնաբերումը խիստ արժեքավոր է համարվում: Ամերիկյան Կոնգրեսի գրադարանում հայտնաբերված ֆիլմը, որը պահպանության տակ է առնվել մասնագետների կողմից և վերագրանցվել ժամանակակից տեխնոլոգիաներով, Ցեղասպանության տարիներից հետո մեզ հասած ամենակարևոր տեսանյութն է:
Ֆրանսիական AFP լրատվական գործակալության համաձայն՝ ֆիլմի ի հայտ բերմանը մեծ մասնկացություն ունեցած և իտալական կինոփառատոնի համակարգողներից Մարիան Լևինսկին համոզմունք է հայտնել, որ այդ շարժապատկերները Թուրքիայում նկարահանվել են 1923 թվականին:
Համր ֆիլմի հետ կապված Լևինսկին պատմել է հետևյալ մանրամասները. «Ֆիլմում միանշանակ Ստամբուլն է պատկերված: Այնտեղ երևացող շենքը անգլիական որբանոց է, որտեղ նրանք հավաքել և ապաստանել են հայ որբերին' տարբեր երկրներ ուղարկելուց առաջ»:
Լևինսկին հայտնել է, որ ֆիլմի հրաշք շարժապատկերները գտնվում են ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանի պատմական հավաքածուների մեջ, որը պահվում է գրադարանի Օրեգոնայի կենտրոնում: Նրա խոսքով' դեռևս հայտնի չէ, թե ով է այդ շարժապատկերների հեղինակը:
«Կինոփառատոնում պատմական իրողություններն ի հայտ բերող այդ տեսանյութի ցուցադրությունը մեր երախտագիտական պարտքն ու պարտականությունն է: Մենք բանակցություններ ենք անցկացնում նաև Ստամբուլի կինոփառատոնի պատասխանատուների հետ, և հավատում ենք, որ ֆիլմը կցուցադրվի նաև այնտեղ»,- հավելել է Լևինսկին:
Ֆիլմը ցուցադրվելու է Բոլոնիայի կինոփառատոնի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված բաժնում: Այդ բաժնում ցուցադրվելու են նաև 1925 թվականին Համո Բեկնազարյանի նկարահանած «Նամուս» ֆիլմը, Սերգեյ Փարաջանովի' 1969 թվականին նկարահանած «Նռան գույնը» ֆիլմը, Հենրիկ Մալյանի' 1980 թվականին նկարահանած «Նահապետ» ֆիլմը, ինչպես նաև խիստ ուշադրության արժանի' Եգիպտոսի Պորտ Սաիդ նավահանգստում ֆրանսիական բանակի կողմից նկարահանված հայ փախստականների մասին պատմող 5 րոպեանոց փաստագրական ֆիլմը:
Կինոփառատոնի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված բաժնում ցուցադրվելիք ամենանշանակալից ֆիլմը կլինի «Հայաստան, մարդկության օրրան» (Armenia, Cradle of Humanity) Թուրքիայում նկարահանված 4 րոպեանոց ֆիլմը, որը պատմում է կոտորածից փրկվածների մասին: