Ազատության հրապարակում նստացույցը շարունակվում է.
18.59
Երեկ գիշերը բերանը կարած ցուցարարը` 28-ամյա Հովհաննես Կարապետյանը, մեր տեղեկություններով, այսօր տեղափոխվել է «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Ազատության հրապարակի ցուցարարներից մեկը:
15.30
Կրկին Ազատության հրապարակում է երեկ գիշերվանից բերանը կարած ցուցարարը: Նրան առավոտյան շտապ օգնության մեքենայով տարել էին հիվանդանոց և քանդել կարերը:
14.00
«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում նշված է.
«Հարգելի հայրենակիցներ, հուլիսի 14-ին' ժամը՝ 18։00-ին, երթով շարժվում ենք դեպի ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելու պատժել այն ոստիկաններին, ովքեր հունիսի 23-ին և դրան հաջորդող դեպքերի ժամանակ բռնի ուժ են կիրառել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների նկատմամբ։
Հավաքի երթուղին՝ Մոսկվա կինոթատրոն -Թումանյան - Մաշտոց -Ամիրյան -Հանրապետության հրապարակ-Վազգեն Սարգսյան- ՀՀ գլխավոր դատախազություն»:
13.30
Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Բարև ձեզ ժողովուրդ
Ես պինդ եմ, վստահ, ու առողջականս լավ է...
Դժվար էր ինձ համար կայացնել այս որոշումը. ինքս դեմ էի, որ հացադուլով պայքար տանեինք, բայց հավատացած եղեք, առավել ծայրահեղ է պատկերացնել, որ քաղաքացիներն անտարբեր են, ավելի ծայրահեղ է պատկերացնել, որ քաղաքացիները այդքան հեշտ մանիպուլյացիաների են ենթարկվում ու կարծում, թե իրենց խնդիրրը լուծում է ստացել...
Հարգելիներս, քայլ անելու ժամանակն է, ինձ կարող եք ծաղրել, հեգնել որքան ուզում եք, բայց մի բան հստակ հասկացեք, որ դրանով երկրի առջեւ ծառացած խնդիրը չի լուծվում... Եթե կա պահանջ, իմ անձով մի պայմանավորեք, ես կկանգնեմ կողք, էկեք հաղթական քայլեր արեք, ես
Կմիանամ ձեզ...
Ֆեյսբուքից դուրս գալու ժամանակն է, երկիր ենք կորցնում, մաշվում ենք...
Ես սպասում եմ ձեզ, Ազատության հրապարակը սպասում է ձեզ:
Հ.Գ. 19:00-ից սկսվում են հանրային քննարկումները
11.30
Այսօրվանից Դավիթ Սանասարյանը սկսել է իր կողմից հայտարարված անժամկետ հացադուլը: Նշենք, որ, ըստ նրա, հացադուլը ուղղված է ոչ թե իշխանություններին, այլ՝ հանրությանը: Այս կերպ ակտիվիստը փորձում է ուշադրություն հրավիրել խնդրի վրա, որպեսզի մարդիկ գան Ազատության հրապարակ:
10.41
Բերանը կարած ակտիվիստը համաձայնեց տեղափոխվել հիվանդանոց և քանդել կարերը:
07.33
կեսգիշերն անց, ցուցարարներից մեկն Ազատության հրապարակում կարել է բերանը:
NEWS.am-ի տեղեկություններով, բողոքի այդ ծայրահեղ քայլին դիմած ցուցարարը միջին տարիքի տղամարդ է՝ Հովհաննես անունով: