Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է Մեծ Բրիտանիայի խորհրդարան և այնտեղ հանդես եկել ելույթով: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հուլիսի 8-ին խորհրդարանում ունեցած իր ելույթում նախագահն անդրադարձել է Արցախի պետականաշինությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և պատասխանել բարձրացված հարցերին:
Սահակյանն ընդգծել է, որ Արցախում Միացյալ Թագավորության հանդեպ տածում են հատուկ վերաբերմունք՝ Մեծ Բրիտանիան դիտարկելով որպես միջազգային քաղաքականության ազդեցիկ տերություն, որը նաև ժողովրդավարության ու եվրոպական քաղաքակրթության բնօրրաններից մեկն է: Բակո Սահակյանի բնութագրմամբ՝ Արցախը շահագրգռված է խորհրդարանական կապերի խորացման, գիտակրթական և մարդասիրական ոլորտներում Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների զարգացման մեջ:
Երկրի ղեկավարի խոսքով՝ նման լավատեսությունն առաջին հերթին պայմանավորված է Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Արցախի և հայ ժողովրդի անկեղծ ու հավատարիմ բարեկամների առկայությամբ:
Հանդիպմանը ներկա էին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք: