Վարդավառի տոնի առթիվ Երևանի քաղաքապետարանի կազմակերպած միջոցառումներից գլխավորն ու ամենամարդաշատը Կարապի լճում էր ու լճի շրջակայքում։ Առավոտից այստեղ բարձր երաժշտություն էր ու յուրօրինակ «ջրային դիսկոտեկ»։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com–ըտեղեկացավ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Կազմակերպիչները՝ Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև միջոցառման գլխավոր հովանավոր «ՆՈՅ» բնական աղբյուրի ջուրը, մասնակիցներին դույլեր են բաժանել ու անսպառ ծավալի ջուր տրամադրել։ Կարապի լճի աշխույժ տրամադրությունը նաև ՀՀ ԱԻՆ-ի հրշեջ-փրկարարների շնորհիվ էր, ովքեր հրշեջ մեքենաների խողովակներով «երկրորդ հարկից» առատ ջուր էին ցողում։ Տոնական միջոցառման ընթացքին այստեղ հետևել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը։
Ջրային տոնախմբությանը մասնակցում էին նաև մայրաքաղաքի հյուրերը. զբոսաշրջիկներից շատերի համար տոնն անակնկալ էր, ոմանք էլ անգամ հատուկ պատրաստվել էին տոնին ու եկել Կարապի լիճ։