«ՉԻ»-ն զրուցել է ՀՀ հիմնադիր նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ
- Պարոն նախագահ, նկատի ունենալով ընթացիկ քաղաքական իրադարձությունների՝ մասնավորապես նախագահական ընտրարշավի, Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի և, մանավանդ, Հայ Ազգային Կոնգրեսի ներքին խմորումների շուրջ ստեղծված հասարակական հետաքրքրասիրությունը, բնականաբար, շատերն են սպասում Ձեր խոսքին։ Ուստի խնդրում եմ, թեկուզ մանրամասների մեջ չմտնելով, պատասխանել մի քանի կոնկրետ հարցերի։ Եւ այսպես. ինչպե՞ս կգնահատեք նախագահական ընտրարշավի ընթացքը։
- Կարծում եմ, ինձ հետ կհամաձայնեք, որ ՀՀ նախագահի հիմնական թեկնածուներից մեկը համարվողիս չառաջադրվելու պարագայում անլրջություն կլինի ընտրարշավի գնահատումը, և, բնականաբար, ես ինձ այդպիսի թեթևամտություն չեմ կարող թույլ տալ։
- Իսկ Դուք է՞լ եք, համարյա բոլորի նման, կարծում, որ ընտրությունների ելքն արդեն կանխորոշված է։
- Ցավալին այն է, որ հենց այդ կանխորոշվածությունն է Հայաստանի ամենամեծ դժբախտությունը, որովհետև դրա մղձավանջային հետևանքն ինձ համար ակնհայտ է։ Եթե Սերժ Սարգսյանի նախագահական առաջին ժամկետում մեր երկրից արտագաղթել է տարեկան 50 հազար մարդ, ապա երկրորդ ժամկետում արտագաղթելու է արդեն տարեկան 100 հազար։ Այսպես շարունակվելու դեպքում Հայաստանը կանգնելու է դեմոգրաֆիական աղետի և պետականության կորստյան վտանգի առջև։ Բնակչության թվի շեշտակի նվազման հետևանքով տաս-քսան տարի հետո մեր երկիրը կորցնելու է իր պաշտպանունակությունը և կրկին հայտնվելու է 1920 թվականի երկընտրանքի առջև, այսինքն՝ վերջնական բնաջնջումից խուսափելու և ազգի գոյությունը մի կերպ ապահովելու համար, սեփական իշխանությունների ձեռքով ինքնակամ հրաժարվելու է անկախությունից և, որպես դաշնության սուբյեկտ կամ ասոցացված անդամ, ուղղակի մտնելու է Ռուսաստանի կազմի մեջ։ Այնպես որ, եթե վերադառնանք Ձեր նախորդ հարցին, ապա ներկայիս նախագահական ընտրարշավն ինձ ավելի շատ ժանտախտի ժամանակ տեղի ունեցող խրախճանք, քան որևէ այլ բան է հիշեցնում։
- Արդյոք Դուք չե՞ք թանձրացնում գույները, և ապագան չափից ավելի մռայլ չե՞ք պատկերում։
- Հուսանք ու մաղթենք, որ ապագան ավելի մռայլ չլինի, քան իմ պատկերածը, և սխալվողը թող ես լինեմ։
- Լավ, իսկ այդ դեպքում ո՞րն է արտագաղթ կոչված չարիքի գլխավոր պատճառը՝ օրենքի բացակայությո՞ւնը, ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոտնահարո՞ւմը, սոցիալական ծանր վիճա՞կը, անհուսությո՞ւնը, թե՞ որևէ այլ բան։
- Ձեր նշած բոլոր գործոններն էլ, իհարկե, գոյության իրավունք ունեն, բայց դրանք ընդամենն ածանցյալ են։ Գլխավոր, ես կասեի, միակ պատճառը համատարած կոռուպցիան է, երկրի ու ժողովրդի անխնա կողոպուտը, իշխանությունը բռնազավթած մի խումբ ավազակների հարստանալու անհագ տենչը։ Եթե այս հանգամանքը չլիներ, ապա նրանք ամենևին կարիք չէին ունենա գիշերցերեկ խախտել Սահմանադրությունն ու օրենքները, ոտնահարել ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, լայնածավալ ընտրակեղծիքների, բռնությունների ու գնդակոծությունների միջոցով պահպանել իրենց իշխանությունը։ Չպետք է կարծել, անշուշտ, թե սա Հայաստանին հատուկ եզակի երևույթ է։ Այդպիսի երկրներ եղել են և այսօր էլ կան, և այդ երևույթը վաղուց հիմնավորապես ուսումնասիրված է հասարակագետների կողմից։ Ի դեպ, դրան նվիրված վերջին լուրջ հետազոտություններից մեկի հեղինակը միջազգային համբավի արժանացած սփյուռքահայ տնտեսագետ Տարոն Աճեմյան-Աճեմօղլուն է։ Ես նկատի ունեմ Ջեյմս Ռոբինսոնի հեղինակակցությամբ անցյալ տարի նրա հրատարակած «Ինչո՞ւ են պետությունները ձախողվում» (Why Nations Fail) ծավալուն աշխատությունը։
- Նկատի ունենալով այդ հանգամանքը, գրքի բովանդակությունն, անշուշտ, կհետաքրքրի մեր ընթերցողին։ Կարո՞ղ եք, թեկուզ համառոտակի, ներկայացնել հեղինակների հիմնական հայեցակարգը։
- Սիրով։ Հեղինակների համոզմամբ, բարգավաճ և աղքատ երկրների տարբերությունը բացատրվում է ոչ թե նրանց աշխարհագրական դիրքով, բնական հարստություններով, լավ կամ վատ կառավարմամբ, ազգային մտածելակերպով կամ մշակույթով, այլ բացառապես պետական հաստատությունների՝ ինստիտուտների որակով։ Բարգավաճ երկրներում, որոնց իշխանությունները շահագրգռված են տնտեսության զարգացմամբ ու ժողովրդի բարօրությամբ, պետական հաստատությունները, որոնք բնութագրվում են որպես «ներգրավող ինստիտուտներ» (inclusive institutions), նպաստում են ազգի բոլոր ստեղծագործ ուժերի ներգրավմանը, ինչն անհնար է առանց ժողովրդավարության, իրավունքի գերակայության, ազատ մրցակցության և սեփականության անձեռնմխելիության ապահովման։ Իսկ աղքատ երկրներում, որոնց իշխանություններն առաջնորդվում են միայն սեփական հարստացման ու իրենց իշխանության հավերժացման շահագրգռությամբ, գործում են, այսպես կոչված, «կորզիչ ինստիտուտներ» (extractive institutions), որոնց խնդիրն է վանել ազգի բոլոր ստեղծագործ ուժերը և ամեն ինչ կենտրոնացնել իշխանությանն ապօրինաբար տիրած ավազակախմբի ձեռքում։ Ցավով պետք է ավելացնեմ, որ գրքում Հայաստանը, որպես օրինակ, հիշատակված է աշխարհի մի քանի «ձախողված պետությունների» շարքում։
- Անկախությունը կորցնելու և Ռուսաստանին միանալու քիչ առաջ Ձեր գծած հեռանկարը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլ պետք է մտահոգի նաև աշխարհի գերտերություններին։ Մի՞թե Արևմուտքը չի հասկանում, որ կարճաժամկետ շահերից դրդված գուրգուրելով Սերժ Սարգսյանի հանցավոր ռեժիմը, Հայաստանին հրում է Ռուսաստանի գիրկը։ Մի՞թե պարզ չէ, թե Այսրկովկասի և Մերձավոր Արևելքի համար ինչպիսի աշխարհաքաղաքական հետևանքներով է հղի, ասենք, ռուս-թուրքական և ռուս-իրանական սահմանի վերականգնումը։
- Եթե ոչ Մերձավոր Արևելքի, ապա հաստատապես Այսրկովկասի վերաբերյալ Արևմուտքը հստակ ռազմավարություն չունի և առայժմ առաջնորդվում է «Հըլը մի ոտի տեղ անենք, հետո բալքիմ մի բան կստացվի» սկզբունքով։ Այդ մեզ է միայն թվում, թե Այսրկովկասը կարևոր ռազմավարական տարածաշրջան է, և Արևմուտքն այստեղ մեծ շահագրգռություններ ունի։ Եթե անգամ այն իսկապես կարևոր ռազմավարական տարածաշրջան է, ապա աշխարհում ավելի քան հիսուն ռազմավարական տարածաշրջաններ կան, որոնք նրանից ոչ պակաս կարևորություն ունեն։ Այնպես որ, ռեսուրսների սղության պատճառով Արևմուտքի ձեռքն ամեն տեղ չի կարող հասնել։ Պետք է վերջապես հստակ գիտակցել, որ Այսրկովկասն առայժմ ընդգրկված չէ ո՛չ Ամերիկայի, ո՛չ Եվրամիության, ո՛չ էլ ՆԱՏՕ-ի առաջնահերթությունների շարքում։ Ի դեպ, մասնավորապես դրանով է բացատրվում նաև Մինսկի խմբի առաքելության անարդյունավետությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։
- Արևմուտքից ու Ռուսաստանից բացի մեր տարածաշրջանում կան նաև այլ դերակատարներ՝ Իրանը և Թուրքիան։ Ինչպե՞ս եք գնահատում նրանց վարած քաղաքականությունը։
- Ես միշտ ասել եմ, որ Խորհրդային Միության կազմալուծումից հետո թե՛ Այսրկովկասում, թե՛ Միջին Ասիայում Իրանը վարել է զուսպ, հավասարակշռված քաղաքականություն։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նրա նկրտումները թե՛ Այսրկովկասում, և թե՛ Միջին Ասիայում քարոզչական կամ պատրանքային են։
- Աշխարհաքաղաքական խնդիրներից անցնենք մեր իրականությանը վերաբերող մնացյալ հարցերին։ Ի՞նչ կասեք Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի և դրա վերաբերյալ շրջանառվող վարկածների մասին։
- Նախևառաջ տեղի ունեցածը ցնցող, վրդովեցուցիչ ու դատապարտելի իրադարձություն է, որի միակ մխիթարական կողմը մահափորձի ձախողումն ու Պարույրի ապաքինումն է։ Ինչ վերաբերում է շրջանառվող վարկածներին, ապա չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է լուրջ համարվող որևէ քաղաքագետ, լրագրող կամ քաղաքական գործիչ իրեն թույլ տալ ինչ-որ վարկածներ առաջ քաշել։ Չէ՞ որ ակնհայտ է, որ եթե հազար վարկած էլ նշվի, վերջիվերջո, հանցագործության բացահայտման պարագայում, ճիշտ է դուրս գալու միայն դրանցից մեկը, իսկ մնացյալ 999 վարկածների հեղինակները հայտնվելու են, մեղմ ասած, ապուշ վիճակում։ Մի՞թե այդ մարդկանց համար հասկանալի չէ, որ վարկածների առաջքաշումն ու ուսումնասիրությունը բացառապես հետաքննության գործն ու պարտականությունն է։ Հետևաբար, դատարկաբանության փոխարեն, բոլոր քաղաքական ուժերի և քաղաքացիական կազմակերպությունների միակ պահանջը, իսկ իշխանությունների միակ խնդիրը պետք է լինի հանցագործության շուտափույթ բացահայտումը։ Եթե այդ բանը տեղի չունենա, ապա անջնջելի բիծ է ընկնելու թե՛ ընտրությունների օրինականության, և թե՛ ընդհանրապես պետության վարկի վրա, չխոսած այն մասին, որ դա, կասկածամտության մթնոլորտ ստեղծելով, թունավորելու է հասարակության կյանքը, ինչպես մինչև այժմ շարունակում է թունավորել հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի ոճրագործությունների չբացահայտման փաստը։
- Ձեր պատասխանն ինձ համար սպառիչ է։ Հուսով եմ՝ նույնքան սպառիչ պատասխան կտաք նաև Հայ Ազգային Կոնգրեսի ներսում ընթացող խմորումներին վերաբերող հարցին։
- Թաքցնելու բան չկա։ Կոնգրեսի ներսում իսկապես խմորումներ կան։ Որոշ ուժեր և անհատներ դե յուրե, իսկ ոմանք դե ֆակտո դուրս են եկել դաշինքից։ Ես սա շատ բնական եմ համարում, որովհետև փոխվել են ոմանց մոտեցումներն ու ակնկալիքները, փոխվել է քաղաքական օրակարգը, փոխվել են մեր առջև կանգնած խնդիրները, ինչը կազմակերպական նոր լուծումներ է պահանջում։ Հասկանալի է, որ Կոնգրեսն այլևս չի կարող պահպանվել նույն կազմով ու կառուցվածքով, ինչպիսին հանդես է եկել նախորդ հինգ տարիների ընթացքում։ Որպես տարբեր քաղաքական ուժերի և անկուսակցականների հոծ զանգվածի դաշինք, Կոնգրեսը լիովին կատարել է ավազակապետության դեմ անհաշտ պայքարի ելած ընդդիմադիր շարժման իր անուրանալի դերը, բայց այդ դերակատարությունը շարունակելու և պայքարը մինչև հաղթական ավարտ հասցնելու համար կարիք ունի լուրջ ինստիտուցիոնալ փոփոխության։ Այսօր մենք գտնվում ենք մոտավորապես այնպիսի հանգրվանում, ինչպիսին էր Համաժողովրդական շարժումից Հայ Ազգային Կոնգրեսի անցման հանգրվանը։ Ո՛չ Համաժողովրդական շարժումը, ո՛չ էլ Կոնգրեսը երբեք քարացած, դոգմատիկ կառույց չեն եղել և ինստիտուցիոնալ առումով միշտ էլ կարողացել են հարմարվել ժամանակի պահանջներին։ Այդ խնդիրը մենք փայլուն կերպով լուծեցինք 2008 թվականին, և վստահ եմ, նույնքան փայլուն կերպով ի վիճակի ենք լուծել հիմա։ Ուստի, նկատի ունենալով առաջիկա տարիներին քաղաքական զարգացումների միտումները, կարծում եմ, արդեն ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերի ու անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության։ Ուզում եմ նաև տեղեկացնել, որ Կոնգրեսին հավատարիմ մնացած ուժերի շրջանակում այդ գաղափարի իրականացման շուրջ քննարկումներ արդեն իսկ ընթանում են։
- Պատկերացնում եմ, թե այդ գաղափարի հրապարակայնացումը ինչպիսի անակնկալ է համարվելու Հայաստանի քաղաքական ու տեղեկատվական դաշտում։
- Չէի ասի, որ դա մեծ անակնկալ է, քանի որ այդ մասին ես հստակորեն արտահայտվել եմ դեռևս նույնիսկ Կոնգրեսի ստեղծումից առաջ, 2008թ. մայիսի 2-ին ունեցած իմ ելույթում։ Ուստի թյուրիմացությունների տեղիք չտալու և ընթերցողի հիշողությունը թարմացնելու համար ուզում եմ մի ընդարձակ մեջբերում կատարել այդ ելույթից. «Համաժողովրդական շարժումը ստեղծվել էր կոնկրետ խնդրի շուրջ, որպես նախընտրական դաշինք, որի գոյությունը, հետևաբար, այսօր իներցիոն երևույթ կամ անախրոնիզմ կարող է թվալ։ Ուստի մենք, նախևառաջ, կանգնած ենք Շարժմանը նոր բովանդակություն հաղորդելու մարտահրավերի առջև։ Կարծում եմ, միանգամայն ակնհայտ է, որ այդ նոր բովանդակությունն այլ բան չի կարող լինել, քան հայաստանյան իրականության հետ չհաշտվող հասարակության իղձերի և տրամադրությունների հունավորումը։ Կարծում եմ, նույնքան ակնհայտ է նաև, որ այդ խնդրի լուծման համար երկրորդական չէ Շարժումն օժտել կազմակերպական նոր ձևով և նոր անվանմամբ։ Քանի որ վերջին շրջանում շատերիս համար բավականին հոգեհարազատ է դարձել «կոնգրես» բառը, ինձ նպատակահարմար է թվում Համաժողովրդական շարժումը վերանվանել «Հայ ազգային կոնգրես» (հապավված՝ ՀԱԿ), նկատի ունենալով ինչպես համաշխարհային պատմության մեջ նմանատիպ անվանումներով հայտնի ազգային-ժողովրդավարական շարժումների փառապանծ ավանդույթները, այնպես էլ այդ շարժումներին բնորոշ գաղափարախոսական և սոցիալական բազմաշերտ ներկայացուցչականությունը։ Ինչ վերաբերում է «Հայ ազգային կոնգրեսի» կազմակերպական ձևին, ապա, ինձ թվում է, առայժմ կարելի է պահպանել Համաժողովրդական շարժման կառուցվածքն ու ձևավորված մարմինները՝ Քաղաքական խորհուրդը և Գործադիր վարչությունը։ Ըստ այդմ, «Կոնգրեսի» ստեղծումը Շարժման անդամ-կուսակցությունների միաձուլում չի նշանակում. վերջիններս շարունակելու են պահպանել իրենց ինքնուրույնությունն ու կառուցվածքը, ինչպես նաև անկախ քաղաքական գործունեություն ծավալելու իրավունքը։ Մյուս կողմից, նման բազմազանությունը չի նշանակում նաև, որ խոսքը վերաբերելու է մի արհեստական, խայտաբղետ կազմակերպության, քանի որ մեզ բոլորիս միավորում է մի այնպիսի վեհագույն գաղափար, որպիսին ազատ, ժողովրդավարական, իրավական, բարգավաճ պետության կերտումն է։ Չի բացառվում, անշուշտ, որ համատեղ գործունեության և գաղափարախոսական դիրքորոշումների մերձեցման արդյունքում «Կոնգրեսը» հետագայում վերածվի կուռ կառուցվածքով օժտված կենտրոնամետ կուսակցության» (ԼՏՊ, Վերադարձ, էջ 244-245)։
- Իսկ ինչպիսի՞ն են լինելու Կոնգրեսի հենքի վրա ստեղծվելիք նոր կուսակցության գաղափարախոսությունն ու քաղաքական ծրագիրը։
- Նոր կուսակցությունն, իմ կարծիքով, դավանելու է սոցիալ-լիբերալիզմի գաղափարախոսությունը, որի էությունը լիակատար լիբերալ տնտեսական համակարգի և ժողովրդի սոցիալական պահանջների լիարժեք բավարարման ներդաշնակումն է՝ պետության չափավոր վերահսկողության շրջանակներում։ Նման գաղափարախոսություն դավանող կուսակցություններ աշխարհում գոյություն ունեն, և դրանցից ամենահայտնին ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունն է՝ ի դեմս իր առաջնորդներ Բիլ Քլինթոնի և Բարաք Օբամայի։ Ինչ վերաբերում է քաղաքական ծրագրին, ապա այն, ըստ էության, չի տարբերվելու «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ծրագրից, այն է՝ ավազակապետության կազմաքանդում և սահմանադրական կարգի վերականգնում, ինչը նշանակում է բոլոր այն նպատակների իրականացումը, որոնք մեր ժողովրդի կամքով ամրագրված են ՀՀ Սահմանադրության մեջ։
- Դուք անձամբ մասնակցելո՞ւ եք այդ կուսակցության ձևավորման գործընթացին և որևէ դեր ունենալո՞ւ եք նրա հետագա գործունեության մեջ։ Ավելի կոնկրետ՝ շարունակելո՞ւ եք առաջնորդել այն, ինչպես մինչև այժմ առաջնորդել եք «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքը։
- Ես ջանք չեմ խնայելու այդ կուսակցությունը կայացնելու և մեր երկրի ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկը դարձնելու գործում։ Իսկ եթե ինձ վստահեն, թեկուզ խորհրդանշական կարգավիճակով, առաջնորդել նորաստեղծ կուսակցությունը, ապա դա ինձ համար մեծ պատիվ կհամարեմ ու ամենայն պատասխանատվությամբ կկատարեմ իմ պարտականությունը։ Ես մեծ ակնկալիք ունեմ, որ Կոնգրեսի հենքի վրա նոր կուսակցության ստեղծման գաղափարը ոգևորելու է շատերին, և նրան անդամագրվելու են ոչ միայն որոշ քաղաքական ուժեր, այլև Կոնգրեսի բազմահազար անկուսակցական անդամները, որոնց ներկայացուցիչները, վստահաբար, ներգրավվելու են կուսակցության ղեկավար մարմիններում։
Քրիստինե Խանումյան