«Ռոսիա 1» հեռուստաալիքի պատվերով Բաքվում նկարահանվում է հայ լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի մասին «Լանդ-լիզ» վերնագրով ֆիլմ, ով հայտնի է որպես «Թեհրան 43» հանրահայտ ֆիլմում խորհրդային հետախուզության' 1943 թվականին գերմանական լրտեսների դեմ դիմակայության մեջ սխրագործության գլխավոր հերոսի նախատիպ: Ֆիլմը «Ռոսիա 1» հեռուստաալիքով նախատեսվում է ցուցադրել օգոստոսի վերջին:
Հետխորհրդային տարիներին հայտնի էր դարձել, որ 1943 թվականին Թեհրանում ԽՍՀՄ-ի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի առաջնորդների վրա կատարված մահափորձը կանխելու գործում գլխավոր դերակատարություն է ունեցել Իրանում «Ամիր» կեղծանունով գործող խորհրդային հետախույզ Գևորգ Վարդանյանը:
Ֆիլմը նկարահանող ռուսաստանյան ընկերության գործադիր պրոդյուսեր Միխայիլ Շեստակովը հայտարարել է, որ ֆիլմի նկարահանման համար Ադրբեջանն ու Բաքուն ընտրվել են Իրանի հետ ուժեղ «նույնականության» պատճառով, և որ նոր ֆիլմի նկարահանման առիթն այն է, որ «Թեհրան 43» ֆիլմի պատմության գլխավոր հերոս Գևորգ Վարդանյանը թոշակի անցնելուց հետո լրագրողներին խոստովանել էր, որ ֆիլմին ծանոթացել է դրա նկարահանումից հետո, և ափսոսանք հայտնել, որ ֆիլմում Թեհրանն այնքան էլ արժանահավատ չի երևում և չափից ավելի «խղճուկ» է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, հայ լեգենդար հետախույզի մասին ֆիլմի նկարահանումը Բաքվում Ադրբեջանում հերթական հակահայկական սպանդալի պատճառ է դարձել:
Ադրբեջանի իշխանամետ haqqin.az կայքն անմիջապես բողոք է ներկայացրել այդ երկրի Մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը' Բաքվում հայ հետախույզի մասին ֆիլմի նկարահանման թույլատրության հարցով:
Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության մամուլի ծառայությունն անմիջապես պատասխանել է, թե նախարարությունն, իբր, Ադրբեջանի տարածքում «Լենդ-լիզ» ֆիլմի նկարահանման թույլատրություն չի տվել, և որ «տվյալ դեպքում իրենց ոչ ոք չի դիմել»:
Միխայիլ Շեստակովը haqqin.az-ի թղթակցին ասել է, որ ֆիլմում իրենց, իբր, հաջողվել է շրջանցել «հայկական թեման»:
«Նախնական սցենարով ծրագրվում էր, որ ֆիլմում պետք է ներկա գտնվեն Թեհրանում հայկական սփյուռքի ներկայացուցիչները, և ցուցադրվի հայկական գերեզմանոցը, բայց հետո մենք հրաժարվել ենք դրանից: Իսկ ինչ վերաբերվում է գլխավոր հերոսին, ապա նա ազգությամբ ռուս խորհրդային հետախ ույզ Իվանն է»,- ասել է Շեստակովը:
Հետաքրքիր է, որ ադրբեջանցի թղթակցի այն հարցին՝ ի՞նչ տարբերություն, թե ազգությամբ ով է «Լենդ-լիզ» ֆիլմի հերոսը, եթե «Թեհրան 43» ֆիլմից հետո հայտնի է դարձել, որ նրա նախատիպը Գևորգ Վարդանյանն է, Շեստակովն ասել է. «Ես «Թեհրան 43»-ը չեմ դիտել»:
Ռուսաստանյան նկարահանող խմբի Բաքու այցի կազմակերպիչ հեռուստալրագրող Շաքիր Էմինբեյլին հուլիսի 13-ին հարցաքննության է կանչվել Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարություն:
«Թեհրան 43» ֆիլմի շնորհիվ, որը խորհրդային և ֆրանսիական կինոյի փայլուն դերասաններ Իգոր Կոստոլևսկիի, Արմեն Ջիգարխանյանի, Նատալյա Բելոխվոստիկովայի և Ալեն Դելոնի մասնակցությամբ համատեղ նկարահանվել էր «Մոսֆիլմ», Mediterranee Cinema, Pro Dis Film ստուդիաների կողմից, միջին և մեծ տարիքի հանդիսատեսին լավ հայտնի է Երրորդ ռեյխի ամենագաղտնի պլանը ձախողած' գերմանացի լրտեսների հետ դիմակայության մեջ խորհրդային հետախուզության սխրագործության մասին պատմություն: Գերմանացի լրտեսները Հիտլերի անմիջական հրամանով պետք է մի հարվածով ազատվեին միլիո նավոր մարդկանց ճակատագիրն ու աշխարհի ապագան լուծելու համար Թեհրան ժամանած հակահիտլերյան կոալիցիայի առաջնորդ Ստալինից, Ռուզվելտից և Չերչիլից: