Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հուլիսի 16-ին վճիռ է ընդունել ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի բողոքի առնչությամբ' Ադրբեջանի իշխանություններին պարտավորեցնելով 8 600 եվրո տուգանք վճարել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, բողոքն առնչվում էր այն բանին, որ իշխանությունները երկար տարիներ հրաժարվում էին նոր անձնագիր տալ Քերիմլիին:
Ժողճակատի առաջնորդն արտասահման այց կատարելու համար 2006 թվականին դիմել էր նոր անձնագիր ստանալու համար, սակայն մերժում էր ստացել, որը պատճառաբանվել էր նրա դեմ, իբր, քրեական գործ լինելու մտացածին հանգամանքով:
Այդ գործը սկսվել էր 1994 թվականին եւ փակվել 1995 թվականին, այդ պատճառով քրեական հետաքննությունը սուտ պատճառաբանություն էր: Դատախազություն եւ դատարաններ Քերիմլիի բազմաթիվ դիմումներն արդյունք չէին տվել: Ալի Քերիմլին դիմել էր ՄԻԵԴ' հղում կատարելով այն բանին, որ Ադրբեջանում սահմանափակվել է ազատ տեղաշարժի իր իրավունքը:
ՄԻԵԴ որոշման համաձայն' Ադրբեջանի կառավարությունը Քերիմլիին պետք է 5 հազար եվրո փոխհատուցում կատարի, ինչպես նաեւ եւս 3600 եվրո' դատական ծախսերի համար