Սահմանադրության փոփոխությունների նախագծի համաձայն' ՀՀ ԱԺ պատգամավորների համար հայոց լեզվի իմացությունը կարող է դառնալ սահմանադրորեն պարտադիր նորմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' հուլիսի 17-ին Սահմանադրական դատարանում կայացած ասուլիսի ժամանակ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական խմբի անդամ Վարդան Պողոսյանն ասաց, որ այդ կերպ փորձել են կարգավորել պատգամավորների լեզվի իմացության հետ կապված խնդիրը:

 

«Ազգային ժողովի պատգամավորների մեծ մասը հայերենի հետ կապված խնդիրներ ունի և մենք փորձել ենք պատգամավորների համար լեզվի իմացությունը դարձնել սահմանադրական նորմ»,- ասաց Պողոսյանը' հավելելով, որ հանձնաժողովի անդամները մտադիր են այդ հարցի առնչությամբ հետեւել հասարակության արձագանքին և եթե անհրաժեշություն լինի, ապա դրա սահմանման մեխանիզմները կգտնեն Հայաստանի օրենսդրության մեջ:

 

«Խորհրդարանում մեծ պրոբլեմներ կան այս խնդրի հետ կապված: Շատ քննարկումներ ենք ունեցել այս հարցի առնչությամբ: Այժմ մեզ անհրաժեշտ է, որ քննարկումներ լինեն, որից հետո կգտնվեն մեխանիզմներ»,- ասաց Պողոսյանը' ներկայացնելով ղազախական օրինակը' համաձայն որի, երբ Ղազախստանի խորհրդարանում պատգամավորներից մեկը ղազախերենի թեստը չի անցել նրան չեն ընդգրկել համամասնական ցուցակի մեջ:

 

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հուլիսի 15-ին հրապարակել է Սահմանադրության 1-7-րդ գլուխների նախագծի նախնական տարբերակը՝ հանրային քննարկումների համար: Առաջարկվում է, որ Ազգային ժողովը կազմվի առնվազն 101 պատգամավորից, ԱԺ-ն ընտրվի համամասնական ընտրակարգով, որը պետք է երաշխավորի կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Սահմանվում է, որ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածություն և կառավարության ծրագրի հիմնադրույթները: ԱԺ-ն ընտրվելու է 5 տարի ժամկետով: 5-րդ գլուխը, որը վերաբերում է Հանրապետության նախագահին և նրա լիազորություններին, նախատեսում է, որ նախագահը պետք է ընտրվի 7 տարի պաշտոնավարման ժամկետով։ Նույն անձը նախագահ կարող է ընտրվել միայն 1 անգամ՝ ի տարբերություն գործող Սահմանադրության, որի դեպքում սահմանափակումը վերաբերում է երկու անգամից ավելի անընդմեջ պաշտոնավարելուն։ Միևնույն ժամանակ, նախատեսվում է, որ հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ։