ԲՀԿ-ական դարձած ապարանցի պատգամավոր Լյովա Խաչատրյանը, ով, ինչպես հայտնի է, ավանակների արձանիկների հավաքածու ունի, երեկ ԱԺ-ում շրջում էր խաղալիք ավանակը գրպանում, որի վրա գրել էր նաև անունը: «Ա1+»-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է նա լրագրողներին ներկայացնում իր ավանակը' ասելով, որ անունը Վահան է, ազգանունը' Կարապետյան, և որ Վահան Կարապետյանից էլ նվեր է ստացել: Ինչպես հայտնի է, Վահան Կարապետյանը ԲՀԿ պատգամավոր է: Նա նախկին զինվորական է: 1994 թվականից աշխատել է զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատում, իսկ 1997-2000 թվականներին եղել է հատուկ նշանակության ջոկատի ծառայության պետ: Այնուհետև' հիմնել է «Վասանավի» ընկերությունը: Ի դեպ, ըստ հայտարարագրման ցուցակի' Վահան Կարապետյանը ԱԺ-ում 3-րդ միլիոնատերն է իր 9 մլն դոլար կարողությամբ' Գագիկ Ծառուկյանից ու Սամվել Ալեքսանյանից հետո: Անգամ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այդքան հայտարարագրված գումար չունի: Պարզվում է' Վահան Կարապետյանն իր միլիոնները «ժառանգել է տատ ու պապից», որոնք փաստորեն իսկական Կորեյկո են եղել խորհրդային տարիներին: Ներկայացնում ենք «Առաջին լրատվական»-ի զրույցը Վահան Կարապետյանի հետ:
- Պարոն Կարապետյան, Ձեր խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն այսօր խաղալիք իշուկով էր շրջում ԱԺ-ում և հայտարարել է, որ այդ իշուկի անունը Վահան է, ազգանունն էլ' Կարապետյան: Սա զուգադիպությո՞ւն է, թե՞ Ձեզ է նկատի ունեցել:
- Ինքը մեր ընկերն ա: Մենք բոլորս էլ գիտենք, որ ինքը կոլեկցիոներ ա, հավաքում ա: Պրոստը հազար ենք ասել' մեր անունը չդնես մեր նվիրած էշի վրա, փաստորեն դնում ա հա՞: Ես հումորով եմ ընդունում էդ ամենը:
- Փաստորեն, այդ իշուկը Դո՞ւք եք իրեն նվիրել:
- Ես քաղաքից որ դուրս եմ գալիս, իմ ընկերոջը անպայման մի նվեր բերում եմ: Դա ես ինքս Համբուրգից որպես սուվինիր բերել, նվիրել եմ: Այսօր եմ իրան տվել:
- Չե՞ք նեղանում Ձեր ապարանցի ընկերոջից, որ դա ընդունել է որպես անվանական նվեր և անուն-ազգանուն է դրել իշուկին:
- Չէ, չէ, չեմ նեղանում, դուք էլ շատ լուրջ մի ընդունեք, ինքը կատակ ա արել:
- Թեթե՞ւ եք տանում իր կատակը:
- Հա, դե բա ինչ ենք անում: Լյովն ա էլի: Ընկերության մեջ կատակասեր ա, էդ կատակը բոլորի հետ էլ անում ա:
- Նաև' չե՞ք պատրաստվում որևէ կերպ հակադարձել իրեն:
- Չէ, ի՞նչ հակադարձեմ, ինքը իմ ընկերն ա, ես իրան շատ հարգում, սիրում եմ:
- Պարոն Կարապետյան, իսկ կարելի՞ է իմանալ նախագահի ընտրություններում Դուք ում եք ընտրելու և ի՞նչ գործունեություն եք ծավալելու:
- Ճիշտն ասած' դեռ շուտ է խոսել: Ամեն մարդ անձնական որոշում կընդունի և իր ձայնը կտա:
- Իսկ կա՞ թեկնածու, որին Դուք սատարելու եք Ձեր հնարավորություններով:
- Իհարկե' ոչ: Մենք կուսակցությունով չենք սատարում ոչ մեկին, արդեն հայտարարել ենք: Անձնական ամեն մարդ իր կարծիքը կհայտնի, որոշում կընդունի նախագահի թեկնածուի առթիվ:
- Թե ով է Ձեր նախընտրած թեկնածուն' չեք ասում:
- Գագիկ Ծառուկյանը: ...Իմ նախընտրած թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է, եթե Գագիկ Ծառուկյանը չի, ուրեմն ես կնայեմ, որը համար է, էդ թեկնածուին էլ կընտրեմ:
- Դուք նախկինում ծառայել եք բանակում, հետո բիզնեսով եք զբաղվել և այժմ Ձեր հայտարարագրով ԱԺ-ում 3-րդ ամենահարուստ մարդն եք: Եթե գաղտնիք չի, ինչպե՞ս եք հասել նման կարողության, բանակը օգնե՞լ է դրան:
- Չէ, դրան օգնել են իմ ծնողները' իմ պապը, տատը, հայրս, մայրս: 2000 թվականին ես արդեն բանակից դուրս եմ եկել ու 12 տարի զբաղվել եմ բիզնեսով: Իսկ հիմա արդեն պատգամավոր եմ, չեմ զբաղվում բնականաբար: Դա այդ տարիներին կուտակածը կամ ստեղծածն է, որը որ հայտարարագրել եմ:
- Փաստորեն, միլիոնատեր տատ ու պապ եք ունեցել, պարոն Կարապետյան:
- Շատ, շատ: ...Իրանք 45-46 տարվա տատ ու պապ են եղել, հաստատ չեն որդեգրել ինձ 2000 թվին:
- Եվ պնդում եք, որ այդ միլիոնավոր դոլարները աշխատել եք բանակից հետո՞:
- Դե, որը տատս, պապս է աշխատել, որը' հերս, որը' մերս, մի բան էլ' ես, եղել է էն, ինչ որ կա:
- Սակայն խորհրդային տարիներին միլիոնատերեր չկային, պարոն Կարապետյան: Ձեր տատն ու պապը ծպտյա՞լ միլիոնատերեր են եղել:
- Ես հիմա չգիտեմ' ոնց են իրանք վաստակել էդ ամենը: Դե ուղղակի էդ մարդիկ ինձ ավանդ են թողել, տներ, որը որ արժեքի վերածել ենք, վերջում ստացել ենք' ինչ որ ունենք: