Համահայկական ամառային 6-րդ խաղերն այս տարի առաջին անգամ Երևանից բացի կանցկացվեն նաև այլ քաղաքներում: Խաղերի ծրագրով Գյումրիում անց են կացվելու ֆուտբոլի և ֆուտզալի փնջային խաղերը: Խուտբոլի խաղերն անցկացվելու են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գյումրու ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտերում և Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում, իսկ ֆուտզալինը՝ Գյումրու քաղաքապետարանի «Ա. Սարգսյանի անվան համալիր մարզադպրոց»-ի դահլիճում: Գյումրիում ֆուտբոլի ու ֆուտզալի խաղերին մասնակից թիմերի կազմը հայտնի կդառնա հուլիսի 25-ից հետո կազմակերպվելիք վիճակահանության ժամանակ: Մինչ այդ, Գյումրիում պատրաստվում են ըստ պատշաճի դիմավորել համահայկական խաղերի մասնակիցներին:
Եթե մարզադաշտերը գերազանց վիճակում են և արդեն իսկ պատրաստ են, ապա Գյումրու «Արամ Սարգսյանի անվան համալիր մարզադպրոց»-ում իրականացվում են կոսմետիկ նորոգման աշխատանքներ: Այդ նպատակով ավագանու որոշմամբ համայնքի բյուջեից հատկացվել է 1 մլն դրամ: Ինչ վերաբերում է Գյումրիում հյուրերի ընդունման համար անհրաժեշտ հյուրանոցային համալիրների պատրաստվածությանը, Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտին վարչության, սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանը, «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ կատարվել է հուրանոցային համալիրների ուսումնասիրություն: «Ունենք շուրջ 20 հյուրանոց՝ և՛ բարձրակարգ, և՛ գնային առումով միջին արժողությամբ: Գյումրիում առկա հյուրանոցների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը կներկայացվի Համահայկական խաղերի կոմիտեին»,-նշեց Վաչագան Վարդանյանը:
Ընդհանուր առմամբ, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հավաստմամբ՝ արվում է ամեն ինչ՝ հյուրերին ըստ պատշաճի ընդունելու համար: «Գյումրի ժամանող հայրենակիցներն այստեղ կտեսնեն հայրենի եզերքի նոր գույները« շիրակյան ինքնատիպ ճարտարապետությունը« գյումրեցու անզուգական հյուրասիրությունն ու հումորը»-վստացրեց Ֆելիքս Ցոլակյանը: