Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը մոտ է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն, տեղեկացնում է Marca-ն:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Չինաստանում, որտեղ թիմը մարզական հավաք է անցկացնում, Ռամոսը և ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպել են:

Հանդիպմանը ներկա է եղել նաև «Ռեալի» գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսը, ինչպես նաև Ռամոսի եղբայրը և գործակալը՝ Ռենե Ռամոսը:

Պաշտպանը Պերեսին, մասնավորպես, ասել է, որ պայմանագիրը երկարաձգելու գործում ոչ այնքան կարևոր է ֆինանսական կողմը, որքան այն, որ ինքն իրեն գնահատված զգա թիմում: Ֆուտբոլիստն ափսոսանք է հայտնել, որ իր մասին տարբեր տեղեկություններ են շրջանառվում և հավելել է, որ կարիերան ցանկանում է ավարտել «Ռեալում»:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ բանակցությունները փոխըմբռնման մթնոլորտում են անցել, և երկու կողմերն էլ որոշակի զիջումների գնալու պատրաստակամություն են հայտնել:

Բանակցությունները կարող են շարունակվել Իսպանիայում, չնայած չի բացառվում, որ Չինաստանում արդեն ամեն ինչ որոշվել է:

Ավելի վաղ տեղեկացվում էր՝ ֆուտբոլիստը տարեկան 10մլն եվրո աշխատավարձ է ցանկանում, իսկ Պերեսը նման գումար չի պատրաստվում տրամադրել: