Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում փաստաբան Սամվել Շարբաթյանի մահվան դեպքի առթիվ խմբակային սպանության և խմբակային խուլիգանության հոդվածներով երկու տարուց ավել քննվող գործով հանցակազմի բացակայության հիմքով դատախազությունն այսօր հրաժարվեց երեք մեղադրյալներին առաջադրված խուլիգանության, իսկ նրանցից մեկի՝ Արեն Վերանյանի վերաբերյալ՝ նաև խմբի կազմում կատարված սպանության (Քր. օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով) մեղադրանքից: Մեղադրող դատախազը դատարանին միջնորդեց վերացնել վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոցը, ազատ արձակել կալանքից և նրա նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը: Այս մասին հայտնում է ԼՈՒՐԵՐ.com–իթղթակիցը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից։

 

Դատարանն Արեն Վերանյանին ազատ արձակեց դատական նիստերի դահլիճում: Միաժամանակ մյուս երկու մեղադրյալների՝ Սամվել Դիլոյանի և Արտակ Վերանյանի նկատմամբ որոշում կայացրեց քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ խմբակային խուլիգանության (Քր. օր.-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով) համար առաջադրված մեղադրանքում: Սակայն հանցակցությամբ սպանության մեղադրանքը մնաց անփոփոխ:

 

Տուժողի իրավահաջորդ՝ հանգուցյալ Շարբաթյանի քույրը՝ Հասմիկ Շարբաթյանը հայտարարությամբ դիմելով մեղադրող դատախազին՝ պահանջեց ազատ արձակել նաև մեղադրյալ Սամվել Դիլոյանին: «Ես չեմ բողոքարկում, ես ողջունում եմ Արենին, թող բոլորը զարմանան, այո, ողջունում եմ, ինչպես նաև պահանջում եմ, երբ որ մեղադրող կողմը արդարացրեց էս մի տղային, ես էլ ուզում եմ արդարացնեմ մյուսին՝ Սամվել Դիլոյանին: Շնորհակալ եմ, լավ արեցիք, պարոն Երիցյան, ողջունում եմ ես Ձեզ (դիմելով արդարացվածին), կցանկանայի ազատել նաև մյուսին և կպահանջեի: Թող ինձ ների իմ ախպերը, ես պահանջում եմ պարոն Երիցյան՝ Սամվել Դիլոյանը թող ազատվի: Ես եմ կորցրել, ես եմ տուժվողը, թող խայտառակվեմ ամբողջ Հայաստանով մեկ, թող բոլորը ծիծաղեն իմ վրա, թող ինքն էլ ազատ արձակվի՝ Սամվել Դիոլյանը: Եվ վերջ»:

 

Գործի քննությունը Քր. օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ խմբի կազմում Սամվել Դիլոյանի և Արտակ Վերանյանի կողմից սպանության մեղադրանքով, շարունակվում է: