Հուլիսի 29-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացուհի և հայտնել, որ Կարապետ Ուլնեցու և Բաբայան փողոցների խաչմերուկում` թիվ 30 շենքի մոտ, կրակոց է լսվել, ամուսիններն ընկած են գետնին: 

 

Ինչպես MediaMall.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.50-ին, Կ.Ուլնեցու փողոցի թիվ 30 շենքի բակում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենով բազմաթիվ կրակոցներ է արձակել 1962 թ. ծնված Հովհաննես Մխիթարյանի և նրա կնոջ' 1971 թ. ծնված Լուսինե Մխիթարյանի վրա, որոնք ստացած հրազենային վնասվածքներից մահացել են:

 

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 3 պարկուճ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սպանությունը կատարել է 1971 թ. ծնված Տիգրան Մ.-ն:

 

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 23.00-ին, Տիգրան Մ.-ին նկատել են նշված շենքի 1-ին մուտքի նկուղ տանող աստիճանահարթակում:

 

Տիգրան Մանուկյանը, նկատելով ոստիկանության ծառայողներին, իր մոտ պահվող ապօրինի ատրճանակից կրակել է իր քունքին' փորձելով ինքնասպան լինել:

 

Շտապօգնության» մեքենայով նրան տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի, 9 մմ տրամաչափի ատրճանակ, 9 մմ տրամաչափի 2 փամփուշտ, 9 մմ տրամաչափի 1 փամփուշտ' ատրճանակի փողում, 9 մմ տրամաչափի 1 գնդակ և նույն տրամաչափի 1 պարկուճ:

 

Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:

 

Կատարվում է նախաքննություն: