Թուրքիայում մոլեգնող ահաբեկչությունը շարունակում է տասնյակ կյանքեր խլել: Երկրում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից և աստիճանաբար վերածվում է քաոսի: Նախորդ շաբաթվա համեմատ այս շաբաթ երկրում ահաբեկչական գործողությունների թիվն աննախադեպ աճ գրանցեց: «Արմենպրես»-ը հետևել է անցնող շաբաթվա իրադարձություններին և ներկայացնում է դրանցից ամենաուշագրավները:

 

Շաբաթը մեկնարկեց թուրքական օդուժի կողմից հերթական անգամ քուրդ զինյալների դիրքերի ռմբակոծություններով: Քուրդ զինյալների ռազմական գործողության չորրորդ ալիքին մասնակցեցին թուրքական F-16 տեսակի 10 ինքնաթիռ: Հարվածներ հասցվեցին նախ Հաքուրքում, ապա Հաֆթանինում PKK-ի դիրքերին:

 

Զայրացած Թուրքիայի իշխանությունների գործողություններից՝ PKK-ի մարտիկները թիրախի տակ առան երկրի ուժային կառույցներն և զինվորականությանը՝ ահաբեկչություններ իրականացնելով նրանց դեմ: Անհայտ անձը Վանի Արճեշ գավառում կրակ բացեց ոստիկանական պահակախմբի վրա, ինչի հետևանքով մեկ ոստիկան վիրավորվեց:

 

Մարդին նահանգում հարձակում տեղի ունեցավ Նուսայբին գավառի պետական հիվանդանոցի բակում կայանված բժշկական և շտապօգնության մեքենաների վրա: Մեքենաները խոցեցին 12 փամփուշտ, սակայն մարդկային զոհեր կամ վիրավորներ չեղան:

 

Մուշ նահանգում քուրդ զինյալները ռմբակոծեցին ժանդարմերիայի պետ Ասլան Քուլաքսըզի ավտոմեքենան, որի հետևանքով ստացած ծանր վերքերից նա մահացավ: Մեկ զինծառայող մահացավ Հաքարի նահանգի Շեմդինլի գավառում. դիմակավոր անձը բանկում կրակեց 27-ամյա սերժանտի վրա, ինչի հարդյունքում վերջինս զոհվեց: Այս ընթացքում Ստամբուլի նահանգապետարանը քաղաքի անվտանգության բոլոր վարչություններին գրություն ուղարկեց ՝ նախազգուշացնելով մետրոյում ռումբի առկայության մասին:

 

PKK-ի զինկալները հուլիսի 28-ին պայթեցրին Աղրը (Արարատ) նահանգի տարածքով անցնող թուրք-իրանական գազատարը: Պայթյունը տեղի ունեցավ թուրք-իրանական սահմանի 15 կմ խորության վրա' գազատարի' փոքր Մասիսի ստորոտով անցնող հատվածում: Կատարվածի հետևանքով դադարեցվեց իրանական գազի հոսքը Թուրքիա: Իսկ Դիարբեքիր-Մուշ ճանապարհահատվածին քրդերը պայթեցրին երկու կամուրջ՝ այդպիսով աներթևեկելի դարձնելով ճանապարհը: Արդեն հուլիսի 29-ին քրդերը պայթեցրին Իրաքից եկող Քիրքուք-Յումուրթալըք նավթատար խողովակաշարը, որով իրաքյան նավթը հոսում է Թուրքիա:

 

Կատարվածից հետո թուրքական օդուժը Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դիրքերը ռմբակոծելուն զուգահեռ կրակի տակ առավ Թուրքիայի տարածքում PKK զինյալների հենակետերը: Երկրում ծավալված լայնածավալ հակաահաբեկչական գործողությունների արդյունքում 39 նահանգից ձերբակալվեց շուրջ 1302 մարդ: Թուրքական զինված ուժերը հայտարարեցին, որ PKK-ի դեմ գործողությունների ընթացքում սպանվել է շուրջ 200 քուրդ զինյալ:

 

Այս շաբաթ ՆԱՏՕ-ն Թուրքիայի պահանջով արտահերթ նիստ հրավիրեց, որին մասնակցող երկրների դեսպանները հայտնեցին, որ դատապարտում են թուրքական պետության ներսում իրականացվող ահաբեկչական գործողությունները: Խորհրդի նիստի արդյունքներով ընդունված կոմյունիկեում երկրների ներկայացուցիչներն իրենց համերաշխությունը հայտնեցին Թուրքիային: Ու մինչ երկրում մոլեգնող ահաբեկչական ալիքի վերաբերյալ Էրդողանը հեռախոսազրույցներ էր ունենում աշխարհի տարբեր պետությունների առաջնորդների հետ, ի նչպես օրինակ ՌԴ և Իրաքի նախագահների, Հորդանանի թագավորի և Իտալիայի վարչապետի, քուրդ զինյալները շարունակում էին իրենց գործողությունները:

 

Լիջե գավառում քրդերը կտրեցին թուրք ոստիկան Սեդաթ Յաբալաքի ճանապարհը, ով ընտանիքի հետ Էրզրումից գնում էր Շանլըուրֆա, և առևանգեցին նրան' ընտանիքի անդամներին ձեռք չտալով: Էրզրումում և Բայազետում PKK-ի անդամների գործողությունների հետևանքով վիրավորվեց երեք զինծառայող: Հուլիսի 29-ի երեկոյան Դիարբեքիրում թեյարանի վրա իրականացրած կրակոցներից զոհվեց մեկ ոստիկան և քաղաքացի, ևս մե կը՝ վիրավորվեց: Քրդերը զինվորներ սպանեցին ու վիրավորեցին նաև Շըրնաքում: 2 ոստիկան զոհվեց նաև Փոզանթը գավառում: Հուլիսի 30-ին քրդերը հարձակվեցին անգամ Անկարա-Թեհրան ուղերթն իրականացնող գնացքի վրա:

 

Երկրում նմանօրինակ քաոսային իրադրության պայմաններում Էրդողանը սկսեց բացահայտել քաղաքական դաշտում քրդերի նկատմամբ իր ունեցած ծրագրերը: Նա կոչ արեց խորհրդարանին պատգամավորական անձեռնմխելիությունից եւ մանդատից զրկել այն քուրդ քաղաքական գործիչներին, ովքեր, նրա կարծիքով, կապված են ահաբեկչական խմբավորումների հետ (PKK):

 

Քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը շուտով դիմում ներկայացրեց մեջլիս իր 80 պատգամավորի անձեռնամխելիությունը վերացնելու պահանջով: Մինչ այս գործընթացը զարգացում կստանար հայտնի դարձավ, որ Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել մեջլիս անցած քրդական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի նկատմամբ: Հետաքննությունը կընթանա Թուրքիայի քրեական օրենսգրքի «Հանրային խաղաղու թյան դեմ իրականացված հանցագործություններ» բաժնի 214/2 կետով, որը ենթադրում է «ժողովրդի մի մասին մյուս մասի դեմ զինել, սադրանքի ենթարկել»: Շուտով հայտնի դարձավ, որ ինքը՝ Դեմիրթաշը, դատական գործ է հարուցել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի դեմ: Գործը հարուցվել է «դատարանի անկախության վրա ազդելու և այն ուղղորդելու» հիմնավորմամբ:

 

Մինչ երկիրը շարունակվում էր ալեկոծվել ահաբեկչական ալիքներում, երկրում շարունակվում էին բանակցությունները իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության պատվիրակությունների միջև: Հերթական հանդիպումներից հետո, սակայն, քեմալականները հայտարարեցին, որ ունեն 5 կարևորագույն նախապայման, առանց որի իրականացման կոալիցիայի կազմի մեջ չեն մտնի:

 

Ամփոփեց Արաքս Կասյանը