ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ սեքսուալ ստրկության դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զեյնաբ Բանգուրան հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի կողմից վերահսկվող տարածքում երեխաներին և կանանց վաճառում են սեքսուալ ստրկության: Բանգուրայի խոսքով՝ 2015թ. ապրիլին Իրաք այցի ժամանակ իրեն փոխանցել են ԴԱԻՇ-ի հրապարակած՝ սեքսուալ ստրուկների գնացուցակը: Այս մասին հայտնում է kommersant.ru-ն:

 

 

Ոմանք կասկածում են փաստաթղթի իսկությանը, սակայն Բանգուրան պնդում է, որ փաստաթուղթն իրական է:

 

 

«Աղջիկներին բենզինի տակառի նման են վաճառում: Մի աղջիկը կարող է տարբեր մարդկանց 5-6 անգամ վաճառվել: Երբեմն գրոհայիններն աղջկան հետ են վաճառում ընտանիքին հազարավոր դոլարների հասնող փրկագնի դիմաց»,- ասել է Բանգուրան:

 

 

Նրա խոսքով՝ 1-9 տարեկան երեխաները վաճառվում են 165 դոլարով, դեռահաս աղջիկները՝ 124 դոլարով, 20 տարեկանից մեծ կանանց գինն ավելի ցածր է: Նրա տվյալներով՝ սկզբում իրենց ստրուկ են ընտրում խմբավորման առաջնորդները, հետո մնացածներն աճուրդի են հանվում, որտեղ նրանց կարող են մի քանի հազար դոլարով գնել հարուստները: Դրանից հետո մնացածներին կարող են գնել ԴԱԻՇ-ի գրոհայինները՝ ըստ գնացուցակի:

 

 

Ավելի վաղ՝ հունիսին, Մերձավոր Արևելքից վերադառնալով՝ Բանգուրան արեն խոսել է ԴԱԻՇ-ի այդ պրակտիկայի մասին: «Երիտասարդն ուզում է ծխել, բայց փող չունի 1 տուփ ծխախոտի համար: Նա ստրուկ ունի, նրան վաճառում է և փող ստանում 1 տուփ ծխախոտի համար: Դա այդպես է: Նրա գինը 1 տուփ ծխախոտ է»,- ասել է նա:

 

 

Նրա խոսքով՝ ԴԱԻՇ-ի տարածքում բարգավաճում են գրոհայինների հետ հարկադիր ամուսնություններն ու սեքսուալ ստրկությունը, սեքսուալ բռնությունը գնալով ավելի է դառնում պայքարի միջոց: