Անցյալ ողջ մրցաշրջանի ընթացքում Դորտմունդի «Բորուսիայի» խաղերին հետևել են տարբեր գրողներ ակումբի մասին գիրք գրելու համար:

Դորտմունդիցներին նվիրված'«Խաղը նույնպես պետք է կարդալ կարողանալ» (Man muss ein Spiel auch lesen können) գիրքը լույս է տեսնելու օգոստոսի 21-ին:

Գրող Մորից Ռինկեն մինչ այդ իրավունք է ստացել հարցազրույց անցկացնել դորտմունդցիների նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ:

Կլոպը զրույցի ժամանակ խոսել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

Ձեր թիմում կային տարբեր ֆուտբոլիստներ: Կնշեմ միայն Գրոսկրոյցին և Մխիթարյանին: Դեռ հիշում եմ՝ 2014թ.-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի այն պահը, երբ «Ռեալի» դեմ խաղում Մխիթարյանը դատարկ դարպասին գոլ չխփեց և հարվածեց դարպասաձողին: Այդ տեսարանից հետո թվում էր, որ ֆուտբոլիստը դրանից հետո ողջ մրցաշրջանում հոգեբանորեն պայքարում է ինքն իր հետ: Նա խաղում էր ինչպես արքայազն Համլետը՝ հուսահատ ու անվճռական, մտքերի գունատությամբ: Նրա փոխանցումները կամ ուշացած էին, կամ էլ ընդհանրապես չէին հասնում խաղընկերներին: Արդյունքում նա հաճախ էր նստում պահեստայինների նստարանին:

Այս նկատառմանն ի պատասխան Կլոպը նշել է.

«Խաղացողների մեծ մասը կարող էին ունենալ այն խնդիրները, որոնք ուներ Մխիթարյանը: Նա միանշանակ աշխարհի ամենատաղանդավոր խաղոցողներից մեկն է: Արագության և տեխնիկայի համատեղումը ֆանտաստիկ է: Դա ոչ բոլոր ֆուտբոլիստները ունեն: Ինչ վերաբերվում է եզրափակիչ հարվածի որակին, ապա, իհարկե, հարվածը եզրափակելու համար անհրաժեշտ է համապատասխան հանգստություն, որպեսզի կարողանաս արդարացնել սեփական սպասելիքներդ: Բացի դա՝ այս խաղացողը անհավանական բարձր սպասելիքներ ունի ինքն իրենից, ինչը նշանակում է, որ նա կարող է հիասթափեցնել ինքն իրեն՝ նույնիսկ լավ խաղի դեպքում: «Ռեալի» դեմ այդ հանդիպմանը Մխիթարյանը լավ էր խաղում, սակայն ինքն իրեն հիասթափեցրեց' գոլ չխփելով»:

Այնուհետև Կլոպը հավելել է.

«Կան պատճառներ, թե ինչու են աշխարհի լավագույն շախմատիստները ծնունդով Հայաստանից, ինչպես Մխիթարյանը: Ուրիշ երկրներում նունպես շախմատ խաղում են, սակայն այդ երկիրը շատ շախմատիստներ է տալիս: Նրանք խելացի են, աշխատասեր: Եվ, եթե ինչ որ բան այն չի լինում, այդ դեքում նրանք մեղքը իրենց մեջ են փնտրում, իրենք իրենց են մեղադրում դրանում, իսկ երբ դու ինքդ քեզ մեղադրում ես՝ ավելի դժվար է դառնում»:

Հոդվածը հրապարակել է Die Welt պարբերականը: