Իրանի Իսլամական Հանրապետությունը ծրագրում է արտահանվող ապրանքների 17-րդ ամենամյա ցուցահանդեսն անցկացնել Երևանում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով իրանական Press TV լրատվամիջոցը, այս մասին հայտարարություն է տարածել Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքարդյունաբերության ու գյուղատնտեսության պալատը:

 

Այս տարի իրանական ապրանքների ցուցահանդեսը տեղի կունենա վաղ աշնանը' «Համահայկական էքսպո-2015»-ին զուգընթաց:

 

Այն հովանավորում է Հայ-իրանական առևտրաարդյունաբերական պալատը: Ցուցահանդեսին ներկայացված կլինեն տնտեսության տարբեր ոլորտների' արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսական և սննդի արդյունաբերության ապրանքներ:

 

Հաղորդագրությունում նշվում է նաև, որ մասնակցությունը Հայաստանում կայանալիք ցուցահանդեսին իրանական կողմը դիտարկում է որպես հնարավորություն՝ ապահովելու հայկական և ԱՊՀ այլ երկրների շուկաներում տևական ներկայությունը։

 

16-րդ իրանական ցուցահանդեսին, որ տեղի է ունեցել 2014 թվականի սեպտմբերի 18-24-ը, մասնակցել է 40 իրանցի արտադրող և արտահանող: