Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբանները միանշանակ պատասխան չունեն այն հարցին, թե որտեղ պետք է պահվի 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վելերի Պերմյակովը հայկական կողմի դատաքննության ընթացքում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց փաստաբան Երեմ Սարգսյանը: Նրա խոսքով' այս պահին գործ ունենք կալանքի որպես խափանման միջոցի հետ, բայց երբ ռուսական կողմի դատավճիռը մտնի օրինական ուժի մեջ, այդ ժամանակ Պերմյակովը պետք է պատիժ կրի: Իսկ թե որտեղ, հայտնի չէ:
«Պատիժը կրելու պայմաններ ռուսական ռազմաբազան ունի, թե ոչ, այս պահին անհայտ է: Խնդիր է ծագելու այն առումով, որ մի կողմից' պետք է Պերմյակովը պատիժ կրի, մյուս կողմից' նրա ներկայությունը պետք է ապահովվի հայկական կողմից իրականացվող դատաքննությանը: Թե ինչ լուծում կտրվի, այս պահին չենք կարող ասել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշեց Երեմ Սարգսյանը: Սակայն նա վստահություն հայտնեց, որ այն պայմանավորվածությունների համատեքստում, երբ նյութերը փոխանցվել է հայկական կողմին, այդ հարցի շուրջ էլ համաձայնություն ձեռք կբերվի: &laq uo;Կարծում եմ' նրա ներակայությունը կապահովվի հայկական կողմի դատաքննությանը: Որտեղ կպահվի, ով նրան կներկայացնի դատարան, չգիտեմ: Իմ կարծիքով' ներկայությունը անպայման կապահովվի, որպեսզի դատավճիռ կայացվի, քանի որ առանց Պերմյակովի մասնակցության դատավճիռ ու դատաքննություն չի էլ կարող լինել, օրենսդրությամբ նման բան սահմանված չէ»,-հավելեց Երեմ Սարգսյանը:
Փաստաբան Երվանդ Վարոսյանի տեղեկացմամբ' սպանության մասով գործը քննելու է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, բայց թե որտեղ կանցկացվի բուն դատավարությունը, դեռևս պարզ չէ: «Խոսք է գնում այն մասին, որ ռուսական բազայի տարածքում է լինելու»,-ասաց Վարոսյանը: Լուսինե Սահակյանն էլ ավելացրեց, որ այնտեղ չկան բավարար պայմաններ դատավարություն անցկացնելու համար: «Մենք նախորդ դատավարությանը մասնակցեցինք ու տեսանք, որ պայմանները թույլ չեն տալիս լուրջ քանակի մարդ տեղավորել այնտեղ, լսելի չէր այն, ինչ խոսում էին: Սպանության մասը նման պայմաններում քննելն անհնար է: Մենք դեմ կլինենք նման պայմաններում դատավարություն անցկացնելուն»,-նշեց Լուսինե Սահակյանը:
Փաստաբան Միհրան Պողոսյանն էլ տեղեկացրեց, որ իրենք միջնորդություն են ներկայացրել քննչական մարմին, որ քննության առարկա դարձվի Պերմյակովի կողմից հայ-թուրքական սահմանի ապօրինի հատման փորձը: Նրա խոսքով' դատավարության ընթացքում հնչեցված նախաքննական ցուցմունքներից պարզ է դարձել, որ Պերմյակովն սահմանն ապօրինի հատելու դիտավորություն է ունեցել, հետևաբար, պետք է այդ մասով էլ գործ հարուցվի: «Բացի այդ, տուն մտնելով դիտավորություն է ունեցել որոշակի հափշտակություններ կատարել, դրանք ևս պետք է գործի մաս դառնան և մեղադրանք առաջադրվի հափշտակ ությունների, սահմանը հատելու հետ կապված»,-ասաց Միհրան Պողոսյանը:
Փաստաբանները նաև տեղեկացրին, որ իրենք միջնորդելու են, որպեսզի նշանակվի դատահոգեբանական և հոգեբուժական փորձաքննություն հայկական կողմում' Պերմյակովի հոգեկան առողջության մասին համապարփակ տեղեկատվություն ստանալու համար:
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովը դասալքության, զենքի հափշտակման եւ ապօրինի կրման հոդվածներով դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Դատաքննությունն անցկացվեց օգոստոսի 12-ին Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում Հյուսիսկովկասյան օկրուգի 5-րդ կայազորային զինվորական դատարանի արտագնա նիստում' Ալեքսանդր Շելդյաևի նախագահությամբ:
Հայ-ռուսական պայմանավորվածությամբ սպանության մասով գործը փոխանցվել է հայկական կողմին: