NASA-ի փորձագետներն ու գիտնականները Ճապոնիայի օդերեւութաբանական ընկերության (JMA) հետ համատեղ պարզել են, որ այս տարվա հուլիսին Երկրագնդի ջերմաստիճանը առավելագույն ցուցանիշին է հասել վերջին 4 հազար տարվա ընթացքում, գիտնականների տվյալները ներկայացրել է Washington Post-ը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Բացի այդ, մասնագետները եկել են այն եզրակացության, որ 2015 թվականի հուլիսը ամենատաք ամիսն է դարձել վերջին ավելի քան 200 տարվա ընթացքում:

 

Այդ եզրակացությանը մասնագետները հանգել են՝ հիմնվելով մոլորակի ջերմաստիճանի աճի անուղղակի նշանների վրա, ինչպիսիք են, օրինակ, ծառերի տարեկան օղակները, մարջանները: Ինչպես նշում են գիտնականները, այդ ամենը թույլ է տալիս եզրակացնել, որ Երկրագնդի ջերմաստիճանը բարձրացել է:

 

Գիտնականների տվյալների համաձայն՝ 2015 թվականի հուլիսին ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի 0,02 աստիճանով գերազանցել է նախորդ ռեկորդը, որը սահմանվել էր 2011 թվականի հուլիսին: Բացի այդ, նշվում է, որ այս տարվա յուրաքանչյուր ամիս տեղ Է զբաղեցրել դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենատաք ամիսների վարկանիշում: Այսպիսով, 2015 թվականն, անկասկած, կդառնա ռեկորդային բարձր ջերմաստիճանի տարի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: