«Էյր Արմենիա» ավիաընկերության սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանը բաց նամակ է հղել, որում նշում է, որ ընդունում է իրեն մեկնած հաշտության ձեռքը և հաշտ ու առողջ միջավայրում աշխատելու տարբերակը: Նամակում ասվում է.

 

«Սիրելի հայրենակիցներ, իմ շնորհակալությունն ու երախտագիտությունն եմ ցանկանում հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր իմ կողքին էին, սատարում էին ինձ ու իմ ընտանիքի անդամներին վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում: Ձեր աջակցությունը, արձագանքներն ու վերաբերմունքը հուսադրում, ուժ ու կորով էին հաղորդում իմ ընտանիքին. մենք տեսանք, հասկացանք ու զգացինք, որ մեր ընտանիքի' «Էյր Արմենիա» ընկերության կողքին է ողջ Հայաստան աշխարհն ու հայ ժողովուրդը: Այս ամենը մեզ հավատ ու ուժ տվեց հաղթահարելու ստեղծված իրավիճակը և խնդրի լուծմանը հասնելու օրինական ճանապարհով:

 

Առանձնահատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել ՀՀ իշխանություններին, իրավապահ մարմիններին, ԶԼՄ-ներին' կնոջս և եղբորս ահազանգին արագ արձագանքելու և նպատակային միջոցառումների իրականացման համար:

 

Հարգելի հայրենակիցներ, հիշյալ իրադարձությունների արդյունքում կրկնակի ծանր կացության մեջ է հայտնվել իմ ղեկավարած «Էյր Արմենիա» ավիաընկերությունը: Այս կարճ ժամանակահատվածում մենք բախվեցինք վերջին ամիսների ընթացքում քայլ առ քայլ հասած հաջողությունները կորցնելու վտանգին: Իմ հիմնական գործընկեր և «Էյր Արմենիա» ավիաընկերության 49 տոկոսի սեփականատեր «East Prospect Fund» hիմնադրամի ներկայացուցիչները երեկ հայտարարություն էին տարածել՝ հորդորելով գտնել խնդրի լուծման օրինական ճանապարհը և լուծել ստեղծված խնդի րները, նաև տեսակետ հայտնել, որ նմանատիպ դեպքերը կարող են բացասական անդրադառնալ կազմակերպության ներդրումային քաղաքականության իրականացման և բարեփոխումների վրա:

 

Ներկայումս իրականացված ներդրումներից ուղղակիորեն կախված է ոչ միայն «Էյր Արմենիա» ավիաընկերության վերագործարկումը, այլ նաև շուրջ 250 աշխատակիցների աշխատավարձերի վճարումը, ինչպես նաև մեր գործընկերների հանդեպ պարտավորությունների կատարումը: Իմ գործընկերներն ինձ հորդորում են պահպանել հավասարակշռություն և ողջախոհություն, ընդունել հաշտության նպատակով ինձ մեկնված ձեռքը, կատարել կշռադատված քայլեր և որոշումներ կայացնելիս հաշվի առնել «Էյր Արմենիա» ավիաընկերության ապագային վերաբերվող յուրաքանչյուր կետ:

 

Ես գիտակցում եմ իմ կողմից կայացրած որոշումների կարևորությունը և պատասխանատվություն կրում դրանց համար, հետևաբար հաշտության առաջարկ ընդունելը, «Էյր Արմենիա» ավիաընկերության ապագայի մասին հոգ տանելը, կազմակերպության խնդիրների լուծմանն ուղղված իմ գործընկերների ջանքերը, վերջին շրջանում բազմաթիվ փորձություններ հաղթահարած իմ ընտանիքի անդամների ակնկալիքներն ինձ համար ընդունելի է դառնում միայն հաշտ ու առողջ միջավայրում փոխադարձ վստահությամբ աշխատելու և արարելու տարբերակը:

 

Ես այսօր դուրս եմ գրվում հիվանդանոցից՝ շնորհակալության հայտնելով նաև ինձ հոգատարությամբ շրջապատած բժշկական անձնակազմին, և հավաստիացնում, որ տնային պայմաններում բուժումս ավարտելուց հետո կարճ ժամանակում կանցնեմ աշխատանքի և կտամ հասարակությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները»:

 

Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ օգոստոսի 15-ին' 18:00-ից 19:00-ն ընկած ժամանակահատվածում Արսեն Ավետիսյանին ծեծի են ենթարկել Ֆուտբոլի ֆեդերացիայի լողավազանի սրճարանում: «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ նյութերը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի պահանջով օգոստոսի 18-ին հետաքննության մարմնից ուղարկվել են դատախազություն: Նույն օրը նախապատրաստված նյութերը, համապատասխան հանձնարարությամբ, ուղարկվել են նախաքննական մարմնին՝ ՀՀ քննչական կոմիտե՝ քր. դատ. օր.-ի 180-րդ,181-րդ հոդվածների կարգով ընթացքը լուծելու համար: