«Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» հասարակական կազմակերպությունը պաշտոնական գրություն է նախապատրաստում Ռուսաստանի Դաշնության համապատասխան գերատեսչություններ Հայաստանից արտահանված 200 կգ թառափ ձկնատեսակը ոչնչացնելու կապակցությամբ պատշաճ պաշտոնական պատասխան ստանալու ակնկալիքով: Լրագրողների հետ օգոստոսի 26-ին կայացած հանդիպմանն այս մասին հայտնեց «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը: «Ներկա դրությամբ' ես զերծ կմնամ այս իրավիճակի հետ կապված որևէ եզրահանգումներ կամ ենթադրություններ անելուց, քանի որ մենք դեռևս չենք ստացել ՌԴ պատկան մարմիններից պաշտոնական բացատրություններ Հայաստա նից արտահանված 200 կգ թառափի ոչնչացման առնչությամբ», -«Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց նա'կասկած արտահայտելով այն ասեկոսեների կապակցությամբ, թե այդ կերպ Ռուսաստանի Դաշնությունը փորձում է կանխել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից վերամշակված տեսքով նորվեգական սաղմոն ձկնատեսակի ներմուծումը Ռուսաստան, որը Արևմուտքի դեմ պատժամիջոցներից հետո հայտնվել է Կրեմլի սև ցուցակում:

 

 

Նա նկատեց, որ Հայաստանից արտահանված 200 կգ թառափ ձկնատեսակն ոչնչացվել է մատակարար ընկերության ներկայացուցչի անձնական խնդրանքով: «Այդ քանակի ձկնատեսակը երկու-երեք օր պահպանվել է սանիտարական նորմերի խախտմամբ, որի հետևանքով սկսել էր կորցնել իր որակական հատկանիշները' անպիտան դառնալով հետագա իրացման համար», -պարզաբանեց Աթոյանը:

 

 

Նա հավելեց, որ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը Հայաստանը ապրանքներ արտահանող երկիր էր համարվում ԵԱՏՄ անդամ երկրների համար, սակայն ԵԱՏՄ անդամ դառնալով' վերը նշված կառույցի տարածքում այժմ համարվում է ապրանք տեղափոխող երկիր: «ՀՀ կառավարությունը նույնպես աշխատանքներ է տանում այս իրավիճակը պարզելու ուղղությամբ: Մեր տնտեսվարողներին կոչ եմ անում, որպեսզի կարգավորեն իրենց ռուս գործընկերների հետ բոլոր իրավական հարցերը' հետագայում նմանատիպ իրավիճակում չհայտնվելու համար», -շեշտեց Արթուր Աթոյանը:

 

 

«Արմենպրես»-ի այն դիտարկմանը, թե ՌԴ ֆիտոսանիտարական ու անասնաբուժական դաշնային ծառայության Կրասնոդարի երկրամասի և Ադիգեայի Հանրապետության վարչության անասնաբուժական վերահսկողության տեսուչներն ատեստավորված ձեռնարկությունների ռեեստրում պատրաստող ձեռնարկության անվանման բացակայության պատճառով են արգելել ՀՀ-ից 200 կգ թառափ ձկնատեսակի ներկրումը Ռուսաստանի Դաշնություն, Արթուր Աթոյանը պատասխանեց հետևյալը. «Եթե տվյալ կազմակերպությունը գրանցված չլիներ ՀՀ ԳՆ < /b>սննդամթերքի անվտանգության պետական ծառայության համապատասխան ցանկում, ապա նրա արտադրանքը չէր կարող արտահանվել Ռուսաստան: Եթե մեր ռուս գործընկերների մոտ առկա էին որևէ կասկածներ տվյալ ընկերության կամ նրա արտադրանքի վերաբերյալ, ապա իրենք կարող էին համապատասխան հարցում ուղարկել մեր պատկան մարմիններին: Բացի այդ' ԵԱՏՄ տարածքում որևէ արտադրանք տեղափոխելու համար բավարար է, որ այդ ընկերության անունը ներառված լինի ԵԱՏՄ անդամ միայն մեկ երկրի համապատասխան ռեեստրում»:

 

 

2015 թվականի օգոստոսի 21-ին ՌԴ ֆիտոսանիտարական ու անասնաբուժական դաշնային ծառայությունը Սոչիի օդանավակայանում առգրավել էր 200 կգ թառափ ձկնատեսակ և հայտարարել, որ հաշվի առնելով ԵԱՏՄ–ի պահանջներն ու տեղափոխող ձեռնարկության հայտարարությունը' որոշում էր ընդունել արտադրանքը ոչնչացնել ջերմային վառարանում: