«Մինիոնները» անիմացիոն կատակերգական կինոնկարը համաշխարհային կինովարձույթում դրամարկղային մուտքերի արդյունքում հատել է 1 միլիարդի սահմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ժապավենը ստեղծած հոլիվուդյան Universal ընկերությունը:
ԱՄՆ-ի ներքին շուկայում վաճառվել է 321,9, իսկ արտաքին շուկաներում ևս 682 միլիոն դոլարի տոմս:
Արդյունքում «Մինիոնները» ֆիլմը երրորդ տեղն է գրավել համաշխարհային կինեմատոգրաֆի ամենաշատ գումար վաստակած անիմացիոն կինոնկարների ցանկում' զիջելով «Սառը սիրտը» և «Խաղալիքների պատմությունը 3» կինոնկարներին:
Չարագործների դեղին օգնականները՝ մինիոնները «գրոհել» են նաև հայկական կինովարձույթը: «Մինիոնները» անիմացիոն կինոնկարը հուլիսի 9-ից հայկական կինոթատրոնների էկրաններին է: Ըստ կինոնկարի՝ մինիոնները արդեն միլիոնավոր տարիներ ապրում են Երկիր մոլորակում: Ծառայելով դինոզավրներին, փարավոններին, Դրակուլային և Նապոլեոնին՝ նրանք այս անգամ տեղափոխվում են Նյու Յորք: Այստեղ նրանց սպասվում էր հարստություն, իշխանություն, հանդիպում ճակատագրական կին Սքարլեթ Օվերքիլլի հետ: Սակայն միշտ չէ, որ նրանց սպասումները արդարացվում են:
Կինոնկարի ռեժիսորներն են Քայլ Բալդան և Պիեռ Սոֆինը: Ֆիլմի հերոսներին կրկնօրինակել են Սանդրա Բալոքը, Պիեռ Սոֆինը, Մայքլ Քիթոնը, Ջեֆրի Ռաշը, Սթիվ Քարելը և այլք: